Home / Հայաստան / Այրվածքաբանության կենտրոնը դառնում է կորոնավիրուսի տրիաժ կենտրոն

Այրվածքաբանության կենտրոնը դառնում է կորոնավիրուսի տրիաժ կենտրոն

Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա, հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մինչ այս նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։

«Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն», – ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։

Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է վարակվածության 547 նոր դեպք, 207 հոգի ապաքինվել է, 7 հոգի՝ մահացել։

Հունիսի 6-ի առավոտյան տվյալներով՝ Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12 364 դեպք, որոնցից 3 720-ը` առողջացած, 259-ը՝ մահվան ելքով․ 190-ի հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 69 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 70, 92, 82, 56 տարեկան կանայք և 62, 82, 66 տարեկան տղամարդիկ: Բացի 56-ամյա կնոջից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Փաստացի բուժվում է 8 385 մարդ: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը  66 674 է (1 513 թեստ՝ վերջին մեկ օրում):

Tekali Taxi