Դոնի Ռոստովի Պեռվոմայսկի երկաթգծի կայարանի մոտ շուրջ երեք հազար Ուզբեկստանի քաղաքացիներ վրանային ճամբար են հիմնել․ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին։ Տեղական իշխանությունները նշում են, որ հավաքն իրենց հետ համաձայնեցված չի եղել։ Ռոստովում Ուզբեկստանի դեսպանը հայտնել է, որ այսօր Ուզբեկստան հասնելու հնարավորություն կունենան 940 քաղաքացիներ։
Կայարանի տարածքում հարյուրավոր ինքնաշեն վրաններ կան, ոմանք այդտեղ մնում են փոքր երեխաների հետ։ Մարդկանց մի մասը քնում է Ռոստովում բնակվող բարեկամների մեքենաներում, ոմանք՝ պարզապես գետնին։
Համավարակից առաջ Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատող Ուզբեկստանի քաղաքացիները Ռոստովում հավաքվել են հայրենիք վերադարձող գնացքում իրենց տեղն ամրագրելու և վերջապես տուն վերադառնալու հնարավորություն ունենալու համար։
«Արդեն 18 օր է այստեղ ենք․․․ Կինս ստամոքսի խնդիրներ ունի: Փող գրեթե չի մնացել։ Էլ չենք ծախսում, որ տոմսի գումար ունենանք», – պատմել է ճամբարում բնակվողներից մեկը։
Տոմսեր գնելու համար մարդիկ հերթ էին կազմել, ցուցակը ներկայացրել էին դեսպանատուն։ Այնտեղ, սակայն, ասել են, որ իրենք այլ ցուցակով են մարդկանց տեղափոխումը կազմակերպելու։ «Ամեն ինչ խառնեցին իրար։ Մեր վրանում կին է պառկած, զույգ երեխաների հետ։ Հազիվ մեկ ամսական են», – դեսպանատան գործողություններից բողոքում է գաղթականներից մեկը։
Ուզբեկական համայնքի ներկայացուցիչ կամավորներն օրը երեք անգամ սնունդ են բերում կայարան։
Ճամբարի բնակիչները պատմում են, որ դեպի Ուզբեկիստան ռեյսեր գործում են Ռուսաստանի չորս քաղաքներից՝ Սամարայից, Եկատերինբուրգից, Նովոսիբիրսկից, Ռոստովից։
Վրանային ճամբարում ապրում են Հյուսիս֊կովկասյան և Հարավ֊կովկասյան շրջաններից սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների համար Ռուսաստան ժամանած գաղթականները։ Նախկինում աշխատանքների ավարտից հետո նրանք հայրենիք վերադառնում էին մեքենաներով ու ավտոբուսներով։ Այս տարի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեքենաներով Ուզբեկստան հասնել հնարավոր չէ։
Արդեն վեց ռեյս և 2 գնացք մեկնել է, ևս 3 հազար քաղաքացի հայրենիք կվերադառնա մոտ օրերս։