Ուզբեկստանի իշխանությունները պլանավորում են Ռուսաստանում գտնվող գաղթականներին պետական միջոցներով մասնագիտական պատրաստություն և ռուսաց լեզվի դասավանդում ապահովել։ Այս մասին ասվում է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի օգոստոսի 11-ի հրամանում։
Եռամսյա ժամկետում Արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի ուզբեկական գաղթականներով բնակեցված տարբեր քաղաքների կրթական կենտրոնների հետ։ Այդ քաղաքներից են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը, Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկը և այլն։
«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ուզբեկստանի հանրապետության քաղաքացիների կրթության կազմակերպման վերաբերյալ փոխհամաձայնության գալու, տվյալ քաղաքներում մարդկանց աշխատանքային հնարավորությունների ապահովման, մասնագիտական և ռուսաց լեզվի ուսուցման ծրագրերի մշակման ուղղությամբ։ Նախընտրելի է դասընթացները կազմակերպել երեկոյան ժամերին՝ աշխատանքից հետո», – ասվում է փաստաթղթում։
Այդ նպատակով պետական մարմիններից պահանջվում է համագործակցել ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանների, «Երիտասարդ մասնագետներ» (WorldSkills Russia) միության և Ռուսաստանում գործող այլ կրթական կազմակերպությունների հետ։
Գաղթականների կրթության ծախսերը կհոգա պետությունը՝ արտասահմանում աշխատանքային գործունեություն ծավալող քաղաքացիների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջոցներով։
Ռուսաստան աշխատելու նպատակով տեղափոխվողների ցանկում Ուզբեկստանի քաղաքացիներն առաջին տեղում են։ 2019 թվականի միայն առաջին կիսամյակում Ռուսաստան է մեկնել 918 հազար աշխատանքային գաթական։ Երկրորդ տեղում Տաջիկստանն է, հետո Ղրղզստանը։