Կորոնավիրուսի համավարակի պատճառով Տաջիկստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից գաղթականները Ռուսաստանում անաշխատանք են մնացել։ Այս մասին գրում է Liberation–ի մոսկովյան թղթակից Լյուսյեն Ժակը։
Համակրելի գյուղ է, առուներով ու եղեգներով, Մոսկվայից կես ժամում կհասնես։ «Բարության տուն» մահմեդական բարեգործական կազմակերպության մեքենան կանգ առավ բավականին պատկառելի ամառանոցի մոտ՝ վերջերս վերանորոգված բետոնե պատերով։ Մաշված սպորտային կոստյումներով 20-40 տարեկան ինը տաջիկ գաղթականներ ապրում էին անտառի խորքի խամրած կրաքարե տնակում։ Առանց որևէ բառ ասելու, ամառանոցի տերը հետևում էր, թե ինչպես են նրանք հետ ու առաջ գնում՝ մեքենայից մակարոնեղենի, բրնձի և թեյի պարկերն իջեցնելու համար։ Յուրաքանչյուրն ամսական 6 հազար ռուբլի (շուրջ 75 եվրո) վարձակալության գումար է վճարում, բացատրում է Ազիզը, ով խմբում միակ ռուսերեն խոսացողն է։ Կորոնավիրուսի համաճարակից առաջ իրենք Մոսկայի մի ավտոսրահում մեխանիկի գործ էին անում։ Կարանտինի հենց սկզբից գործատուն իրենց ազատեց աշխատանքից, հատկապես հաշվի առնելով նրանց ապօրինի կարգավիճակը։ Եկամտից զրկվելով, նրանք կորցրեցին նաև բնակարանները և հիմա ապրում են համեստ խնայողությունների և գաղթականների աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների հաշվին։
Նրանց դեպքը եզակի չէ։ Ռուսաստանում շուրջ 10մլն աշխատավոր֊գաղթական կա՝աշխատանքային միգրանտներ։ Մեծամասնությունը Տաջիկստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից են՝ Կենտրոնական Ասիայի երեք երկրներ, որոնցում միջին աշխատավարձը 130-220 դոլար է։ Ռուսաստանում, չնայած կենցաղային ռասիզմին, դիմահսկողությանն ու միգրացիայի մասին օրենքի աստիճանաբար խստացմանը, որի պատճառով գաղթականների գրեթե կեսն ապօրինի կարգավիճակ ունի, այդ երկրների քաղաքացիներին հաջողվում է շինարարության, հասարակական սննդի կամ հավաքարարության ոլորտում չորս անգամ ավելի շատ գումար վաստակել, քան իրենց երկրում, և այդպիսով ապահովել հայրենիքում մնացած իրենց ընտանիքներին։
Համաճարակը խարխլեց այս համակարգը։ Ռուսաստանի քաղաքներում առաջին հերթին փակվում էին սրճարաններն ու ռեստորանները, հետո՝ շինարարական հարթակները։ Մոսկվայաբնակների ավելի քան 10 տոկոսը գործազուրկ դարձավ, իսկ գաղթականների համար պատկերը, բնականաբար, ավելի մռայլ է։
«Նրանք բոլորը աշխատատեղերը կորցրել են գրեթե միաժամանակ։ Մի գիշերում աղքատացան բոլորը։ Իրավիճակը ծանր է բոլորի համար, նաև ռուսների, բայց ամենավատ վիճակում օտարերկրացիներն են, ովքեր հիմնականում սեփական բնակարան չունեն։ Տան վարձը չվճարելու դեպքում, սեփականատերերը վռնդում են։ Համաճարակի սկզբից մեծ թվով օգնության խնդրանքներ եմ ստացել մարդկանցից, ովքեր ոչ ապրելու տեղ ունեն, ոչ ուտելու բան». – նշում է ուզբեկական «Վաթանդոշ» միջտարածաշրջանային եղբայրության նախագահ Ուսման Բարաթովը։
Անտուն ու եկամտի աղբյուրից զրկված Կենտրոնական Ասիայի գաղթականները Ռուսաստանում ծուղակի մեջ մնացին, երբ հայտարարվեց սահմանների փակման ու միջպետական չվերթների չեղարկման մասին։ «Եթե կարողանայի՝ հենց վաղը կվերադառնայի», – պատմում է Բահրոմը Տաջիկստանից։ Նա շինարարական աշխատանքից զրկված և վարձով բնակարանից վռնդված 7 հայրենակիցների հետ ապրում է Մոսկվայի Կրասնոգորսկ արվարձանի բնակարանում։
Նշված երկրների կառավարությունները չեն էլ փորձում Մոսկվայից պահանջել կազմակերպել իրենց քաղաքացիների հայրենադարձությունը՝ չցանկանալով բախվել միլիոնավոր պոտենցյալ վիրուսակիրների վերադարձին դեպի Կենտրոնական Ասիա, որին վիրուսը դեռ խնայում է։ «Մենք ոչ մի օգնություն չենք ստանում դեսպանատներից։ Վերջերս ինձ մի ուզբեկ էր զանգել, օգնություն էր խնդրում․ հայրն ու եղբայրը մահացել էին կորոնավիրուսից, մոսկովյան հիվանդանոցի դիահերձարանում էին, հիվանդանոցից պահանջում էին, որ գա դիակները տանի։ Քանի դեռ չի տանում՝ օրական 5 հազար ռուբլի պետք է վճարի։ Տանելու տեղ չունի, քանի դեռ դեսպանատունը մարմինները հայրենիք վերադարձնելու թույլտվություն չի տալիս, նա ելք չունի այս իրավիճակից»,- պատմում է Ուսման Բարաթովը։
Վատ տեղեկացված, Ռուսաստանում արդեն հազիվ ճարվող պաշտպանիչ միջոցների՝ դիմակների, ձեռնոցների, ջրասպիրտային գելի գումար չունեցող, փոքր տարածքներում մի քանի հոգով ապրող աշխատանքային միգրանտները կորոնավիրուսի համար խոցելի խմբում են։ «Մարդիկ իրար վրա են ապրում, նույն տարածքում ապրողների խտությունը գնալով մեծանում է։ Մի հոգի վարակվի՝ բոլորը կհիվանդանան», – նշում է ազգությամբ տաջիկ, Ռուսաստանում արդեն 15 տարի փաստաբանական գործունեությամբ զբաղվող, իր հայրենակիցների համար բազմաթիվ իրավապաշտպանական հարթակներ հիմնած, իսկ համավարակի պայմաններում քառալեզու՝ ռուսերեն-տաջիկերեն-ուզբեկերեն-ղրղզերեն լեզուներով թեժ գծի հիմնադիր Բաթիրջան Շերմուհամեդը։ Ամենավատն այն է, որ մարդիկ հաճախ ախտանիշները թաքցնում են սենյակակիցներից։ «Վախենում են դրսում մնալ, վախենում են, որ եթե տան տերն իմանա՝ բոլորին կվռնդի։ Հիվանդանոց գնալուց ևս վախենում են․ կարող են ձերբակալվել անօրինական կարգավիճակի պատճառով»,- շարունակում է Շերմուհամեդը։
Անհրաժեշտություն կա գաղթականներին տեղեկացնել իրենց իրավունքների և ռուսական իշխանությունների ընդունած օրենսդրական փոփոխությունների մասին։ Սոցիալական պայթյունի բախվելու ռիսկից խուսափելու համար Մոսկվան ժամանակավոր միջոցներ է սահմանել՝ աշխատանքային միգրանտներին հարկադիր աշխատանքային ընդհատակից հանելու համար․ ձերբակալությունների և անօրինական գաղթականների արտաքսման մորատորիում մինչև օգոստոսի 15֊ը, օտարերկրացիներին աշխատանքի վերցնելու սահմանափակումների չեղարկում, ինչը փաստացի կնշանակի Կենտրոնական Ասիայի երկրների և Ռուսաստանի քաղաքացիների կարգավիճակային հավասարություն աշխատաշուկայում, բնակության իրավունքի գործող տեղեկանքների ավտոմատ երկարացում, առանց իրավական կարգավիճակի մասին հարցերի՝ գաղթականներին երեք ամսվա ընթացքում բնակության և աշխատանքի իրավունքի տրամադրման վարչական գործընթացի հաստատում… Օրենսդրության նման աննախադեպ թուլացումը փուլ առ փուլ սկսվել է մարտին՝ չնայած պահպանողական շրջանակների բողոքներին։
«Նախագահի՝ փաստաթղթեր չունեցող գաղթականներին ռուսների պես աշխատելու թույլտվություն տրամադրող հրամանում հիշատակվում է Ռուսաստանի Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդու իրավունքները, – հիշում է Օսման Բարաթովը։ – Գաղթականները քաղաքացի չեն, բայց մարդ են։ Լավ է, որ այդ մասին հիշեցին»։