Մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած և մինչև դեկտեմբերի 31-ը նոր աշխատանք գտած յուրաքանչյուր քաղաքացու համար նոր գործատուին նախատեսվում է 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատակցի ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում։
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ասյօրվա նիստին այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու:
Եթե ծրագիրը հաստատվի, 4 ամսվա կտրվածքով գործատուին կտրամադրվի փոխհատուցում՝ նոր աշխատակցի համար սահմանված ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 85 հազար դրամը: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Կա երկու պայման․
– շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել,
-նրա աշխատանքային պայմանագիրը պետք է լինի նվազագույնը 8 ամիս ժամկետով:
Քննարկվել է երկու տարբերակ՝ գործատուին փոխհատուցել կա՛մ առաջին չորս ամիսների աշխատավարձի 60 տոկոսը, կա՛մ՝ առաջին, երկրորդ, յոթերորդ և ութերորդ ամիսների: Նախարարությունը, ըստ Ուդումյանի, նախապատվություն է տվել երկրորդ տարբերակին։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 500 շահառուի հաշվարկով։ Այս թիվը, ասում է Ուդումյանը, մեծ հավանականությամբ կմեծանա։
Ուդումյանը նշել է, որ այս և մշակվող այլ ծրագրերը նպատակ ունեն խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը, մեղմել համավարակի հետևանքով աճած և աճող գործազրկությունը։
«Մոտավոր սպասում ենք, որ գործազրկությունը, հատկապես համավարակին հաջորդող ժամանակահատվածում, 1․3 տոկոսով կավելանա, 17․7 տոկոսից կբարձրանա 19 տոկոսի։ Եթե վերածենք թվերի, կունենանք մոտավորապես հավելյան 40 հազար գործազուրկ։ ․․․Հասկանում ենք նաև, որ այն մեծ բանակը սեզոնային աշխատողների, որոնք գնում էին հիմնականում Ռուսաստանի Դաշնություն աշխատելու, նույնպես, հավանաբար մի անի ամսից, կհամալրի մեր գործազուրկների շարքերը։ Այս առումով տարբեր մարտավարական քայլեր պետք է ձեռնարկվեն՝ տարբեր շահառու խմբերի համար հասցեական ծրագրեր ունենալու համար», – նշել էր փոխնախարարը։