Նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքերը նախորդ տարվա դեկտեմբերին գրանցվել են Չինաստանում։ Ընդհամենը մի քանի շաբաթվա մեջ վիրուսը՝ որը Քովիդ-19 անվանված հիվանդությունն է հարուցում, սկսել է արագորեն տարածվել Չինաստանից դուրս։ Առողջության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը որպես համավարակային է որակել։ Այնուամենայնիվ, մինչ օրս կան երկրներ, որոնք Քովիդ-19-ի որևէ հաստատված դեպքի մասին դեռևս չեն հայտարարել։
Կորոնավիրուսով վարակվածների մասին հայտնել են աշխարհի ավելի քան 188 երկրներ։ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով այս պահին ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 21 միլիոն հաստատված դեպք։ Մոտ 14 միլիոն մարդ բուժվել է, ավելի քան 758 հազարը՝ մահացել։
Գիտնականներն ու բժշկական միավորումներն ամիսներ շարունակ հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ և զերծ մնալ մարդաշատ հավաքներից։ Սահմանվել են համապատասխան կարանտինային սահմանափակումներ ու վիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին չեն հայտարարել հետևյալ երկրները․
- Կիրիբատի
- Մարշալյան Կղզիներ
- Միկրոնեզիա
- Նաուրու
- Հյուսիսային Կորեա
- Պալաու
- Սամոա
- Սողոմոնյան կղզիներ
- Տոնգա
- Թուրքմենստան
- Տուվալու
- Վանուատու