Իրանի իշխանությունները կեղծում են կորոնավիրուսային համավարակի վիճակագրական տվյալները, գրում է Բի-բի-սին։
Պաշտոնական տվյալների համաձայն, հուլիսի 20-ի դրությամբ համավարակի սկզբից ի վեր Իրանում կորոնավիրուսի շուրջ 280 հազար դեպք է գրանցվել, 14 405 մարդ մահացել է։
Բի-բի-սիի անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, իրականում մահերի թիվը հայտարարվածից գրեթե երեք անգամ ավելի շատ է։ Այդ տվյալների համաձայն, համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում մահացել է շուրջ 42 հազար մարդ, իսկ վարակակիրների թիվն իրականում կրկնակի մեծ է պաշտոնապես հաստատվածից։
Այդ փաստաթղթերի համաձայն, Իրանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է հունվարի 22-ին, այսինքն, մեկ ամիս ավելի շուտ, քան պաշտոնական Թեհրանը հայտնել է վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարտի կեսերին հինգ անգամ ավելի շատ մարդ է մահացել կորոնավիրուսից, քան ասվել է պաշտոնական հայտարարություններում։ Երկրում խիստ կարանտինային սահմանափակումներ են հաստատել, մահացությունների թիվը սկսել է նվազել, իրական թվերի և պաշտոնական տվյալների միջև տարբերությունը ևս սկսել է հարթվել։ Այժմ նոր դեպքերի թիվը նորից աճում է։ Վերջին օրերին պաշտոնական տվյալներով վարակման ավելի քան 2000 և մահվան ելքերի ավելի քան 200 դեպք է գրանցվել։
- Դիտարկում իրականացնող կազմակերպությունների, մասնավորապես՝ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացության թիվը մոտենում է 700 հազարին։ Այս թիվն, իհարկե, ճշգրիտ համարվել չի կարող, քանի որ տարբեր երկրներում հաշվարկներն իրականացվում են տարբեր սկզբունքներով։ Հնարավոր են նաև կեղծարարություններ։
- Ավելի վաղ խոսվել է նաև ռուսաստանյան պաշտոնական տվյալներում տեղ գտած անճշտությունների մասին։ Մասնավորապես, համեմատություն է իրականացվել այս տարվա ապրիլ ամսվա մահացության ցուցանիշի և նախորդ տարվա նույն ցուցանիշի միջև։ Ստացված մեծ տարբերությունը չի համապատասխանել կորոնավիրուսային վիճակագրությանը։ Իշխանությունները հաստատել են, որ որպես կորոնավիրուսից մահացության դեպք հաշվում են միայն այն դեպքերը, որոնցում կորոնավիրուսը որպես մահվան գլխավոր պատճառ է նշվել։ Հաշվարկման այսպիսի պրակտիկա կիրառվում է նաև մի շարք այլ երկրներում։