Ամերիկյան Moderna ընկերությունում պատրաստվող քովիդ-19-ի դեմ փորձնական պատվաստանյութը իմունային պատասխան է հարուցել հետազտության առաջին փուլին մասնակցած բոլոր կամավորների մոտ։ Համապատասխան տվյալները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ հակամարմիններ արտադրվել են պատվաստանյութի առաջին դոզայից հետո, բայց չորս շաբաթ անց պահանջվել է ևս մեկ դոզայի ներարկում, որը ուժեղ իմունային պատասխան է հարուցել բոլոր 45 կամավորների մոտ։
Moderna ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ հետազոտության արդյունքները հուսադրող են և «կարևոր քայլ են քովիդ-19-ի դեմ պայքարում մեր mRNA-1273-ն ոռպես թեկնածու ներկայացնելու գործում»։
Երեկ հրապարակված արդյունքների համաձայն, 100 մկգ դոզայով երկրորդ ներարկումից հետո դիտվող հիմնական կողմնակի ազդեցությունները եղել են հոգնածությունը, դողը, գլխացավն ու մկանային ցավերը, որոնք արագ անցնում էին և երբեմն կրկնվում ավելի թույլ ձևով։
Հետազոտությանը մասնակցել են 18-55 տարեկան 45 առողջ կամավորներ Սիեթլում և Ջորջիայի Էմորիի համալսարանում։ Փորձի արդյունքում ներարկվել է Moderna պատվաստանյութի երեք դոզա՝ 25, 100 և 250 միկրոգրամ չափաբաժիններով։
Սպասվում է, որ հուլիսի 27-ից Moderna-ն պատվաստանյութի ավելի մասշտաբային հետազոտություն կսկսի՝ փորձարկման երրորդ փուլը, որին կմասնակցեն 30 հազար կամավորներ 87 տարբեր տարածաշրջաններից։
Moderna-ի տարածած հաղորդագրության համաձայն, մի խմբին կներարկվի պատվաստանյութի 100մկգ և ևս 100մկգ 29-րդ օրը։ Երկրորդ խումբը համեմատության համար կստանա պլացեբոյի երկու դոզա։