Արտակարգ դրության պայմաններում կստեղծվի առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ․ բժշկական հաստատությունների (և՛ պետական, և՛ մասնավոր) կառավարման լիազորությունները (բացառությամբ ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների) կվերապահնվեն Առողջապահության նախարարությանը։ Միասնական կառավարման համակարգ ստեղծելու որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում։
Նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել Առողջապահության նախարարի հրամանների համաձայն։ Հրամանները տարածվելու են նաև մասնավոր բժշկական հաստատությունների վրա։ Դրանց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Սահմանվում է, որ համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:
Առողջապահության նախարարի խոսքով՝ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով։
«Այսպիսի կամ նմանատիպ արտակարգ իրավիճակներում համակարգի կենտրոնացված կառավարման անհրաժեշտություն է առաջանում, որն ավելի օպերատիվ է, ավելի համահունչ իրավիճակին, քան «խաղաղ պայմաններում» գործող իրավակարգավորումները, երբ առաջնորդվում ենք գործող իրավական ակտերով։
Նմանատիպ կարգավորում կա նաև «Ռազմական դրության մասին» օրենքում, որն ընդունվել է անցյալ տարի։
Իրավիճակից դրդված որոշվելու է, թե որ հիվանդանոցները ինչ չափի, ինչ կառավարման լիազորությունների շրջանակներում կամ այլ բժշկական հաստատությունները ինչպես են տեղավորվելու այս լիազորությունների շրջանակներում։
Երկրորդ կարևոր հանգամանքը անձնակազմի ընդգրկման պարտադիր լինելն է, որովհետև պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային, պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել արտակարգ դրությունում»,- Կառավարության այսօրվա նիստին ասել է նախարար Արսեն Թորոսյանը։