Ռեստորանների սեփականատերեր և աշխատակիցներ, միջոցառումների կազմակերպման, այդ թվում՝ սեզոնային ոլորտի աշխատողներն ու մի շարք երգիչներ, երգչուհիներ, հանդիսավարներ հուլիսի 9-ին կրկին եկել էին կառավարության շենքի մոտ։ Նրանց պահանջն է՝ չեղարկել համավարակով պայմանավորված ոլորտին վերաբերող սահմանափակումները և թույլ տալ ռեստորաններին և հանդիսության սրահներին վերադառնալ բնականոն աշխատանքին։
Ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ հավաքվածները ցանկանում իմանալ, թե երբ է վերանալու արտակարգ դրությունը։
«Մարտ ամսից գումար չեն վաստակում։ 20 հազար մարդ այսօր գումար չի վաստակում», – նշեց նա՝ ավելացնելով, որ կառավարության պահվածքին գնահատական կտան առանձին։ Բանն այն է, որ այսօր էլ հավաքվածներին չհաջողվեց իրենց հարցերի պատասխանները ստանալ։
Ոստիկանության ներկայացուցիչները, պարբերաբար զգուշացնելով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքներ անցկացնելն արգելված է, նշում էին, որ տեղյակ են պահել կառավարությանը բողոքի մասին։
Իրավապահների՝ հավաքի վայրից հեռանալու մասին կոչերին ո՛չ բոլորն էին հետևում։ Բարսեղյանը ենթարկվեց պահանջին, սակայն մարդկանց մյուս մասը դեռ տարածքում է։
Մի քանիսը բերման է ենթարկվել՝ սոցիալական հեռավորություն չպահելու համար։
Ռեստորաններից մեկի աշխատակից Անահիտ Սիմոնյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, որ չի վախենում բերման ենթարկվելուց, քանի որ չաշխատել արդեն անհնար է։ Ըստ նրա՝ սահմանափակումներն անիմաստ են, եթե մարդիկ արդեն իսկ հաճախում են մարզասրահներ, սրճարաններ և այլ վայրեր։
«Առաջին երկու ամիսը, որ կարանտին էինք պահում, էդ խստությունն այ էն ժամանակ պետք է արվեր», – դժգոհել է Սիմոնյանը։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը, արտակարգ դրության ռեժիմը կարող է կրկին երկարաձգվել՝ արդեն 4-րդ անգամ։