Սերբիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ գիշերն է շարունակվում են զանգվածային անկարգությունները։ Բազմամարդ ցույցերի մասնակիցները պայքարում են կարանտինային սահմանափակումների և Բելգրադում պարետային ժամի հայտարարման դեմ։
Բողոքի ակցիաները սկսվել են Սերբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նովի Սադում։ Ցուցարարները փորձում էին գրոհով գրավել մարզային հեռարձակողներից մեկի գրասենյակը։ Ոստիկանության միջամտությունից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի քաղաքապետարան։ Ոմանք քարեր էին նետում շենքի ուղղությամբ։ Նովի Սադում տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Սերբիայի ոստիկանապետ Վլադիմիր Ռեբիչը հայտնել է, որ Բելգրադում անկարգությունների առաջին գիշերը վնասվածքներ է ստացել շուրջ 20 ցուցարար և ավելի քան 40 ուժային կառույցների աշխատակից։ Այրվել է ոստիկանական 5 մեքենա։
Եվրոպայի խորհրդի մարդու իրացվունքների կոմիսար Դունյա Միաթովիչն անհանգստություններ է հայտնել ոստիկանների գործողությունների հետ կապված։ Հուլիսի 8-ի գիշերը ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Տեսանյութերում պարզ երևում է, որ մարդկանց մահակներով դաժան ծեծի են ենթարկում։ «Բելգրադում սերբ ոստիկանների կողմից ցուցարարների բռնի դիմակայությունը լուրջ մտավախություն է առաջացնում մարդու իրավունքների պատշաճ պահպանման հարցում», – նշել է Միաթովիչը` հավելելով, որ իշխանությունները պետք է հստակ հետաքննություն իրականացնեն և պատժեն ոստիկանության՝ բիրտ ուժ կիրառած աշխատակիցներին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է, որ եթե հետաքննության արդյունքում ապացուցվի, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել՝ իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն։ Նա ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ մարդաշատ հավաքների կազմակերպումից, նշելով, որ դրանք այժմ միայն կբարդացնեն կորոնավիրուսային իրավիճակը։
Համաճարակի սկզբից Սերբիայում ավելի քան 17 հազար հաստատված դեպք է գրանցվել, ավելի քան 340 մարդ մահացել է։
Հունիսի 21-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք ավարտվեցին գործող նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակով, իշխանությունները համավարակի ակտիվացող տեմպերը հաշվի առնելով վերահաստատեցին մայիսին չեղարկված կարանտինային սահմանափակումները։
Ցուցարարները՝ ընդդիմության գլխավորությամբ, պահանջում են վերանայել այդ սահմանափակումները՝ դրանցում առկա «քաղաքական» բաղադրիչը մատնանշելով։