Home / Առողջապահություն / Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի․ ազատ մահճակալներ գրեթե չկան, 650 հոգի ծանր վիճակում է

Արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի․ ազատ մահճակալներ գրեթե չկան, 650 հոգի ծանր վիճակում է

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը շարունակում է մնալ ծանր. շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել, Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնվածության ռեժիմում, այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բազմաթիվ երկրներից, որտեղ համարվում էր, թե համավարակային իրավիճակը վերցվել է հստկողության տակ, գալիս են լուրեր, որ կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում: Եվ սա, ընդհանուր առմամբ, ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք մեր ընթացիկ իրավիճակի վերաբերյալ», – ասել է Փաշինյանն։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2735732250082270/

Կառավարության ռազմավարությունը մնում է նույնը։ Փաշինյանի կարծիքով, իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում։ Միայն վարչական միջոցները որևէ արդյունք չեն կարող տալ, եթե Հայաստանում իսկապես վարքագծի զանգվածային փոփոխություններ տեղի չեն ունենում։

«Մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ․ այն պահից, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում, ի վիճակի չէ թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին, և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել այս իրավիճակը հաղթահարելու համար, ընդ որում՝ լավ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը»։

Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը, չի բացառվում, որ արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ՝ արդեն 4-րդ անգամ երկարաձգվի։

Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը բազմաթիվ խնդիրներ է հարուցում, բայց համաճարակային իրավիճակը հաշվի չառնել հնարավոր չէ․ «Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների․․․Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում, առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը»։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում հաստատվել է 3809 նոր դեպք (ըստ օրերի՝ 415, 523, 593, 662, 580, 706, 330): Վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի համեմատաբար փոքր թիվն, ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պայմանավորված է կիրակի օրն իրականացված թեստերի ցածր թվով (1133 թեստ, սովորաբար իրականացվում է ավելի քան 2000 թեստ)․ տոկոսային առումով պատկերը մոտավորապես նույնն է՝ կատարված թեստերի մոտ 30 տոկոսը արձանագրվում է որպես նոր դրական դեպք։

Թորոսյանը նշել է նաև, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված մահճակալային ֆոնդը հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը՝ սովորական մահճակալներ են, մեծ մասամբ՝ հագեցած թթվածնային կենտրոնական մատակարարումով, և մոտավորապես 300-ը՝ վերակենդանացման մահճակալներ են։ Զբաղվածությունը մնում է բարձր, հատկապես՝ վերակենդանացման բաժանմունքներում։

Մոտ 650 հոգի ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից 47-ը` թոքերի արհեստական օդափոխության սարքերի տակ։

Հրատապ հոսպիտալիզացիայի կարիք ունեցող, բայց տնային պայմաններում բուժվող քաղաքացիներ այսօրվա ժամը 15։00-ի դրությամբ չեն եղել։