Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ Այս մասին հայտնել է դատախազությունը:
Երևանի դատախազությունն ուսումնասիրել է առաջին ատյանի դատարանում քննված՝ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը:
25.09.2001թ. նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով հարուցված քրեական գործով Ազգային Անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:
Դատարանը հաստատված էր համարել, որ նշված օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Ըստ Դատախազության, դեպքի վկաներից մեկի՝ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք վկայում են մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու մասին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնը 19 տարի առաջ տեղի ունեցած սպանության ականատեսներից է։ Նյուտոնի տված ցուցմունքը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։ Գործով հիմնական վկա համարվող Նյուտոնը, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Կառավարման դպրոցում, նշել էր՝ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:
Ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել էր, և որոնք վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:
Պողոսյանի քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել էր համապատասխան վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին:
Վարույթի ընթացքում հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը:
Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք:
Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:
Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք։
Ելնելով վերոգրյալից՝ գլխավոր դատախազի տեղակալն այս հունվարի 17-ին բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Եվ ահա այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրած որոշմամբ բավարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանի կողմից ներկայացված բողոքը, բեկանել դատարանի 2002թ․փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Միաժամանակ, դատարանի որոշմամբ Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: