Հուլիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 20-ամյա Սալիխով Ս․-ի կախված դին։
Շիրակի մարզի դատախազությունից հայտնում են, որ զինծառայողի դին հայտաբերվել է իր կողմից վարձակալված բնակարանում։ Դեպքի վայրում իրավապահները նաև նամակ են գտել։
Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշերով (Ինքնասպանության հասցնելը): Գործի քննությամբ զբաղվում է հայկական կողմը։ Կատարվում է նախաքննություն, հրապարակման ենթակա այլ մանրամասներ, ըստ Դատախազության, այս պահին չկան։
Ռուս զինծառայողներին առնչվող և ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս տեղի ունեցած հանցագործությունների քննություննը, ռուս-հայկական պայմանագրերի համաձայն, իրականացնում են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները։ Այն, որ ռուս զինծառայողի ենթադրյալ ինքնասպանության գործով զբաղվում է հայկական կողմը, ուղղակիորեն բխում է միջպետական պայմանագրերով սահմանված նորմերից, նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Խնդիրն, ըստ իրավապաշտպանի, ոչ թե «քննող կողմի» ընտրության մեջ է, այլ քննության ընթացքի։
«Ռազմաբազայից դուրս տեղի ունեցած դեպքերով միշտ էլ հայկական կողմն է զբաղվել։ Այլ հարց է, թե որքանով է հայկական կողմն ազատ եղել իր գործողություններում։ Բազմակողմանի քննություն իրականացնելու գործնական հնարավորություն ունեցե՞լ է։ Քննչական գործողությունները սահմանափակվա՞ծ են եղել, թե՞ իրականացվել են ազատորեն՝ օրենքի հիման վրա և դեպքի հանգամանքներից ելնելով։
Ենթադրյալ ինքնասպանության առթիվ «ինքնասպանության հասցնելու» հանտկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Իրավապահ մարմինները պետք է քննչական գործողություններ իրականացնեն։ Բնականաբար, մարդիկ, որոնք կարող են առնչություն ունենալ այս գործին՝ վկաներ, հնարավոր կասկածյալներ և այլն, պետք է հարցաքննվեն։ Մահացած զինծառայողի հետ առնչություն ունեցած մարդիկ կարող են լինել նաև ռուսական բազայի զինծառայողների շրջանում, և Հայաստանի քննչական մարմինը նրանց ևս պետք է հարցաքննի։ Եվ շատ կարևոր է տեսնել՝ ինչպես է գործնականում ընթանալու քննությունը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Սաքունցը։
Ըստ իրավապաշտպանի, կալանքի կիրառումը մնում է հարցադրելի։ Եթե հայտնաբերվեն կասկածյալներ, որոնք դրդել են կամ որևէ մեղսակցություն ունեցել ինքնասպանության հասցնելու գործում և եթե դրանք լինեն ռուսական բազայի զինծառայողներ, հայաստանյան քննչական մարմինները կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հնարավորություն կունենա՞ն։ Եթե կալանքը որպես խափանման միջոց, այնուամենայնիվ, ընտրվի, ինչպե՞ս է ապահովվելու կալանքի կրումը։ Ենթադրյալ կասկածյալը մնալու է ռուսական բազայի տարածքո՞ւմ, ինչպես նախկինում էր լինում, թե՞ տեղափոխվելու է քրեակատարողական հիմնարկ։
«Մի բան հստակ է։ Եթե նախաքննության արդյունքում կամ ընթացքում ի հայտ գան բավարար ապացույցներ կամ հիմքեր՝ որևէ մեկին որպես կասկածյալ ներգրավելու համար, եթե դա ռուսական ռազմաբազայի զինծառայող լինի և եթե նա շարունակի մնալ ռուսական ռազմաբազայի տարածքում, վստահաբար դա այս անգամ ևս էապես և որոշիչ կերպով կսահմանափակի քննության արդյունավետությունը։ Առնվազն որովհետև կնշանակի, որ ինքնասպանությունը դրդապատճառները կապված են զինվորական ծառայության հետ, իսկ ենթադրյալ կասկածյալը շարունակում է մնալ մարդկանց հսկողության ներքո, որոնք տեղի ունեցածում իրենց պատասխանատվության բաժինն են ունեցել։ Կարևոր է հասկանալ՝ ինչպիսին է լինելու պրակտիկան։
Նույնիսկ Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում էր Գյումրիում բազմանդամ ընտանիքի դաժան սպանության, ավազակային հարձակման, պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, նախաքննության ողջ ընթացքն անցկացրեց ոչ թե կալանավայրում, այլ ռուսական ռազմաբազայում։ Հայաստանյան իրավապահները նրան հարցաքննում էին ռուսական ռազմաբազայում։ Նույնիսկ դեպքի վայրում փորձարարությունը իրականացվում էր ոչ թե Ավետիսյանների տանը, որտեղ տեղի էին ունեցել այդ սպանությունները, այլ կրկին ռուսական ռազմաբազայում՝ իրենց խոսքերով, Ավետիսյանների տան օրինակով ստեղծված մակետի միջոցով, ինչը, իհարկե, աբսուրդ էր, այլ ոչ թե քննություն։
Այսինքն՝ նույնիսկ այս պարագայում, հաշվի առնելով գործի հնչեղությունը և հանրային դժգոհությունները, իրենք թույլ չտվեցին, որպեսզի քննչական մարմինը լիարժեք և արդյունավետ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնի։
Այս կոնտեքստում է, որ ասում եմ՝ կարևոր է հասկանալ, ինչպիսին է ընթանալու այս գործի քննությունը։ Նման դեպքերում հայաստանյան իրավապահները մեծ զսպվածություն են դրսևորում և այնպիսի մի վարքագիծ, որը ենթադրում է՝ տեղավորվել ռուսական կողմի կիրառած «սահմանափակումների» մեջ», – նշել է իրավապաշտպանը։