Հայաստանը ռուսական ռազմական բազայի գործունեությունը վերահսկելու և մշտադիտարկում իրականացնելու որևէ մեխանիզմ չունի: Այս եզրահանգմանն են եկել «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի հեղինակները։
«Չի արձանագրված մեխանիզմ, եթե, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ ունեն և այլն, բայց բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հասկանալի չեն, ընկալելի չեն այդ վերահսկողության մեխանիզմները», – զեկույցը ներկայացնելիս ասաց աշխատանքի համահեղինակ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Այս ուսումնասիրությունն իրականացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի աջակցությամբ, Սաքունցից զատ զեկույցի վրա աշխատել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավաբան Արմինե Սադիկյանը։
Զեկույցում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամանակագրությունը, ռազմաբազայի վերաբերյալ երկու երկրների միջև կնքված բոլոր փաստաթղթերը, բազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերի նկարագրությունը, օտարերկրյա ռազմական ներկայության ու մարդու իրավունքների միջև փոխհարաբերությունները։
Ըստ ուսումնասիրության, 1992 թվականից սկսած Հայաստանի ու Ռուսաստանի միջև 20 փաստաթուղթ է կնքվել։ Նման մի ուսումնասիրություն էլ կատարվել է նաև Մոլդովայում ու Ուկրաինայում, Արթուր Սաքունցը ռուսական ռազմաբազայի գործունեությունը վերահսկելու մեխանիզմների բացակայության հետևանքների մասին խոսելիս հենց մոլդովական փորձն է ներկայացնում:
«Դա բավական լուրջ մարտահրավեր է հանդիսացել հենց մարդու իրավունքների խախտումների համար Մոլդովայի Մերձդնեստրովյան տարածաշրջանում, և դրա վերաբերյալ կան նաև Եվրոպական դատարանի հայտնի որոշումները, որով, «Իլասկուն ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի», որտեղ ուղղակի ճանաչվել է Մոլդովայի պատասխանատվությունը, որ ինքը չի կարողանում ամբողջությամբ իր ինքնիշխանությունը և իրավական մեխանիզմները իրացնի իր պետության մի հատվածում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվել է մեղավոր, որ դե ֆակտո կառավարելով այդ տարածաշրջանը, ինքը նաև պատասխանատու է մարդու իրավունքների խախտման համար», – ասաց իրավապաշտպանը: