Քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով ռուսական և հայկական քննչական մարմիններում հարուցված քրեական գործերը միացնելու և հայկական կողմին հանձնելու իրավական հիմքերը: Իրավական հիմքերը ստանալու համար դիմումը ներկայացրել էին սպանվածներից մեկի իրավահաջորդ Ա.Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը: Վերջինս Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նախաքննությունն իրականացնող մարմինը հրաժարվել է իրավապան հիմքերը տրամադրել՝ այդ ինֆորմացիան որակելով որպես «նախաքննական գաղտնիք»:
«Նախաքննական գաղտնիք կարող է համարվել այնպիսի տեղեկատվությունը, որի հրապարակումը կարող է խանգարել գործի քննությանը, օրինակ, ապացույցների, ցուցմունքների հրապարակումը: Գործը միացելու իրավական հիմքը ոչ մի տրամաբանությամբ գաղտնիք չի կարող համարվել»,- ասել է Արայիկ Զալյանը:
Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի քրեադատավարական օրենսգիրքը չի կարգավորում միևնույն հանցագործության առթիվ Հայաստանում և այլ երկրում հարուցված քրեական գործերը միացնելը:
«Նույնիսկ եթե ծանրոց է փոխանցվում, դա արվում է փաստաթղթավորմամբ: Այո, Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ռուսական կողմը համաձայնել է մեզ հանձնել գործը, բայց հայտնի չէ՝ ինչ հիմքով է դա արվել: Ավելին՝ քննիչին մենք ընդամենը դիմում էինք հղել, իսկ նա պատասխանել է, որ մերժում է մեր միջնորդությունը, ինչը բացարձակապես այլ բան է»,- ասել է Սաքունցը:
Իրավապաշտպանը նկատել է, որ ոուսական կողմը հիմք չուներ քրեական գործ հարուցել Ավետիսյանների սպանության փաստի առթիվ: Սաքունցի խոսքով՝ դա անելը ոչ հայ-ռուսական պայմանագրով էր լիազորված, ոչ պարտավորություն կար այդ լրացուցիչ ծանրաբեռնումը ստանձնել:
Հիշեցնենք՝ Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովին գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այդ պահանջը չէր կատարվել, իսկ դատախազությունը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ Պերմյակովը ՀՀ իրավապահներին հանձվելու ենթակա չէ: