ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին Ավետիսյանների ընտանիքի գործը սպանության մասով Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու և հետագա դատաքննությունը Հայաստանի համապատասխան ատյանին թողնելու համար։ Տվայլ հայտարարությունը Սարգսյանն արել է ՀՀ֊ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ։
«Սա, ըստ Հանրապետության նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին: Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչը»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն առաջին անգամ է լսում գործը հանձնելու մասին:
«Մենակ նախագահը գիտի», – ասել է Սահակյանը: Նրա խոսքով՝ համաձայն նախագահականի հաղորդագրության՝ Պերմյակովին պետք է դատեն հայաստանյան դատարանում, ինչն Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների պահանջն է եղել մինչ այս պահը:
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այդ պահանջը չէր կատարվել, իսկ դատախազությունը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ Պերմյակովը ՀՀ իրավապահներին հանձվելու ենթակա չէ: