Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի աղմկահարույց սպանության գործով կան կարևոր ապացույցներ, որոնք գտնվում են ռուսական կողմի մոտ, և հայտնի չէ՝ ինչպես պետք է հայկական կողմը դրանք ուսումնասիրի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Սահակյանը նշել է, որ հայկական կողմը, օրինակ, չգիտի՝ ինչ հագուստ էր կրել սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, երբ նրան ձերբակալել են, ինչ հեռախոսներ են նրա մոտ հայտնաբերվել: Եթե ուսումնասիրվի և պարզվի, որ դրանք Ավետիսյաններին են պատկանել, կապացուցվի, որ Պերմյակովը եղել է Ավետիսյանների տանը:
Epress.am-ի հարցին՝ ինչ իրավաբանական միջոցներ կան քրեական գործի պահանջելու ապացույցներ համար, երբ դրանք միաժամանակ անցնում են մեկ այլ երկրում վարույթ ընդունված քրեական գործում, Լուսինե Սահակյանը պատասխանել է․ «Հարցերի հարցն այն է, որ չգիտես ինչու՝ Պերմյակովին բռնել է ռուսական կողմը: Կան երկու տարբեր քրեական գործեր, երկու մեղադրանք: Ընդ որում՝ ռուսական կողմը սպանության հոդվածով մեղադրանք առաջադրելու իրավունք չուներ: Ես չգիտեմ՝ ինչով էր զբաղված այդ ժամանակ ՀՀ ոստիկանությունը: Եթե հիանալի օպերացիա էին անում, ապա Պերմյակովը պետք է մեզ մոտ լիներ: Ոչ մի իրավաբան չի կարող ձեզ ասել՝ այ էս է լուծումը: Այս երկու քրեական գործերն էլ խախտումով են սկսվել, հետևաբար իրավական լուծում չկա»:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրել է, որ դատաձգաբանական փորձաքննությունը ցույց է տվել՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված բոլոր 28 պարկուճները արձակվել են մեղադրյալ Վալերի Պերմյակովին ամրակցված զենքից:
«Ցանկացած նման զենք ունի ակոսներ, որոնց միջով անցնող գնդակի վրա թողնվում են մի տեսակի նախշեր: Այսինքն՝ գնդակի և պարկուճի վրա հայտնաբերված նախշերը նույնական են զենքին: Ինչպես մարդու մատնահետքերով կարելի է ինքնությունը հաստատել, այնպես էլ զենքով»,- ասել է Երվանդ Վարոսյանը:
Մյուս փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ համաձայն դատակենսաբանական փորձաքննության՝ Ավետիսյանների տանը հայտաբերված՝ Պերմյակովի անունը կրող հագուստին հայտնաբերված քրտինքը և Պերմյակովի քրտինքը նույն խմբային պատկանելությունն ունեն: Հագուստի վրա հայտնաբերված չորս մազն էլ Պերմյակովի արյան խումբն ունեցող մարդու կարող են պատկանել: Իսկ թե դրանք 100 տոկոսով Պերմյակովինն են, թե ոչ՝ ցույց կտա գենետիկական փորձաքննությունը:
Կողմը սպասում է նաև մեկ այլ՝ հետքաբանական փորձաքննության արդյունքներին, որոնք ցույց կտան՝ արդյոք զենքը խլացուցիչ ունեցել է:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողության ներքո։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։
Լուսանկարում՝ Ավետիսյանների տան դարպասը