Ռուսաստանի Դաշնությունը չի հարգում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի պահանջները և ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ ՀԿ֊ն անդրադարձ է անում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված պատասխանին, որում նշվում է, թե Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել ՀՀ իրավասու մարմիններին՝ համաձայն ՌԴ Սահմանադրության 61֊րդ հոդվածի ու Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 22.01.1993 թ. կոնվենցիայի 57֊րդ հոդվածի։ Վալերի Պերմյակովն այս պահին գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նշում է, որ ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ասում է, թե ՌԴ քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը:
«Թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնություն է:
Այսինքն` սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է. հետևաբար, ՌԴ սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:
Ավելին, ռուսական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Վալերի Պերմյակովն այժմ գտնվում է Ռուսաստանում։ Այսինքն, ըստ ՌԴ դատախազության, 102-րդ ռազմակայանի տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածք է», ֊ ընդգծում են հայտարարության հեղինակները:
Նրանք նշում են, որ 102-րդ ռազմակայանի տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է, ուստի այդտեղ չի գործում Ռուսաստանի Սահմանադրությունը: Ավելին, որևէ մի պայմանագրով կասկածի տակ չի դրվում այն հանգամանքը, որ ռազմակայանի տարածքում գործում է Հայաստանի Սահմանադրությունը:
«Այդ ռազմակայանի գործունեության հիմնական կարգավորումները տրվում են շուրջ տասը հայ-ռուսական միջպետական պայմանագրերով, որոնք գերակա են ՀՀ օրենսդրության նկատմամբ: Այսինքն` Հայաստանի օրենքները ՌԴ ռազմակայանում գործում են մասնակի, սակայն ոչ մեկ չի չեղարկել այդ տարածքում ՀՀ Սահմանադրության ուժը:
Ավելին, քանի որ Հայաստանի տարածքում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար որևէ կերպ դրա գործողության տարածքը չի կարող փոքրացվել և այն չի կարող «որոշ դեպքերում» չեղարկվել», ֊ ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի հայտարարության մեջ:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Համաձայն պաշտոնական վարկածի, հունվարի 13-ին Պերմյակովի գտել էին ռուսաստանցի սահմանապահները հայ֊թուրքական սահմանի մոտ և հանձնել ռուսական ռազմաբազայի վերահսկողությանը։ Այդ փաստը բողոքի ալիք էր բարձրացրել Գյումրիում, հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։