Ռուսաստանի Հյուսիս–կովկասյան շրջանային ռազմական դատարանը (կենտրոնական նստավայրը՝ Ռոստով ֊ խմբ․) մոտ ժամանակները կքննի մի շարք աղմկահարույց քրեական գործեր, այդ թվում՝ հունվարի 12֊ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանն այսօր՝ փետրվարի 27֊ին, հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը (լուսանկարում)։ Գործակալությունը նշում է, որ ներկայումս Պերմյակովը գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102֊րդ ռազմաբազայի հոսպիտալում, որտեղ հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն է անցնում։
Հյուսիս–կովկասյան շրջանային ռազմական դատարանը դատական իշխանություն է իրականացնում ՌԴ 15 սուբյեկտներում՝ Հարավային, Հյուսիս֊կովկասյան ու Ղրիմի դաշնային շրջանների տարածքում, ինչպես նաև՝ Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ՌԴ զինված ուժերի զորամասերի ու ռազմական այլ մարմինների տարածքում։
Հյուսիս֊կովկասյան ռազմական դատարանի իրավասությանը ենթակա է 18 կայազորային զինվորական դատարան։
Ռուսական 102֊րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Հայաստանի քննչական կոմիտեի կողմից մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանություն): Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ զինծառայողն իր մեղքն ընդունել է։ Այնուամենայնիվ, ռուսական կողմը Պերմյակովին հայաստանյան իրավասու մարմիններին չի հանձնել։
Պերմյակովին մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն և դասալքություն։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Պերմյակովը հունվարի 13֊ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանի մոտ, ու հանձնվել ռազմաբազայի ղեկավարությանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Գյումրիում։ Հունվարի 15֊ին հազարավոր մարդիկ Գյումրիում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ռուսաստանցի զինծառայողին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։