Home / Տեսանյութեր / Գյումրու սպասումը ռումբ է. «Ասպարեզ»֊ի խմբագրականը

Գյումրու սպասումը ռումբ է. «Ասպարեզ»֊ի խմբագրականը

Որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանի խմբագրականը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Գյումրու փողոցներում այս ընթացքում որևէ ցույց կամ երթ չկա, չգիտեմ՝ պլանավորվո՞ւմ է, թե՞ ոչ, եթե մի բան լինի՝ կիմանաք։

Գլխավորը՝ սպանությունից հետո հասկացանք, ով հասկացել էր՝ համոզվեց, որ քաղաքը և հարակից տարածքները ռումբի վրա են նստած, այդ զորամասերի բարդակից ինչ ասես կարող է առաջանալ։ Երկրորդ ռումբը զգում եմ այն բանից հետո, երբ մարդիկ ՀՀ իշխանությունների թուլամորթ վարքից արդարացիորեն զայրացան ու փողոց ելան՝ պահանջներ դրեցին, խոստումներ առան և սպասում են։ Այդ սպասումը ռումբ է։ Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում, մեծացել եմ այս քաղաքում և գիտեմ, որ այս երկրորդ ռումբն էլ է մի օր պայթելու, թող որ սխալվեմ, բայց՝ ինչքան ուշ իշխանությունը գիտակցության եկավ ու գործն առավ իր ձեռը, այնքան մեծանալու է հավանականությունն այն բանի, որ պայթելու է, ինչքան շուտ իշխանությունը տեր եղավ արդար դատին և դադարեց լինել ուշադիր դիտորդ, այնքան շուտ է չեզոքանալու հանրային կատաղության ռումբը։

Որևէ մեկը, ով իր դեպուտատ կամ նախարար հալով տարին 2-3 անգամ լինում է քաղաքում և ֆռֆռում է իր շրջապատի ու թիկնապահների հետ, թող չասի, թե ամեն ինչ լավ է, մարդիկ սսկվել են, ռիսկեր չկան։ Կան շատ լուրջ ռիսկեր։ Ոչ ոք Գյումրիում վախեցած չի ուժայիններից, մահակներից և այլ խնդալու բաներից։ Բոլորը սպասում են։ Չգիտեմ՝ ինչքան են սպասելու, Կոստանյանն ու Սարգսյանը միայն գիտեն՝ ինչքան պիտի սպասեն մարդիկ։

Քաղաքն ու երկիրը գործողության են սպասում իշխանությունից, քաղաքը նստած է երկու ռումբերի վրա, հետևանքների ամբողջ պատասխանատվությունը Գևորգ Կոստանյանի և Սերժ Սարգսյանի վրա է։ Եթե լրացուցիչ պատասխանատվության կարիք առաջացավ, մարդիկ խաղաղ հավաքներով չեն պահանջելու, դա՝ իմ կռահելով»։

Լուսանկարում՝ հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի տան դարպասը