Home / Տեսանյութեր / Զուսպ և լարված Գյումրին. «Ռուսի հանդեպ էլ նույնը չենք լինելու»

Զուսպ և լարված Գյումրին. «Ռուսի հանդեպ էլ նույնը չենք լինելու»

Ոստիկանական ուժերի քանակը շարունակում է աչք զառնել Գյումրիում և պարբերաբար առաջացնում է տեղացիների վրդովմունքը: Ռուսաստանյան զինվորականությունը և իրենց ընտանիքները դեռևս չեն վերադարձել սովորական առօրյային, ինչը վատ է անդրադարձել տեղի գիշերային ակումբների, սաունաների, ռեստորանների, խանութների, մոթելների, տաքսիստների և սեքս ոլորտի աշխատողների եկամուտների վրա:

Չորեքշաբթի կեսօրին մոտ Սուրբ Նշան եկեղեցու հարակից փողոցները անանցանելի են: 6-ամյսա Սերյոժայի հուղարկավորության արարողությունը սկսվեց այստեղից և ավարտվեց քաղաքից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատանը, որտեղ Ավետիսյանների ընտանիքի շիրիմների կողքին ավելացավ յոթերորդ թումբը:

3gyumri

Երևանից բերված ոստիկանները բաշխված են քաղաքի տարբեր անկյուններով ու հսկողություն են իրականացնում հայաստանյան և ռուսաստանյան պետական և ռազմական օբյեկտների մոտակայքում, ինչպես նաև հրապարակներում և եկեղեցիների մոտ, որոնք հանդիսանում են մարդկանց հնարավոր կուտակումների վայրեր:

Տեղացիները զուսպ են, տեսախցիկներով զինված լրագրողների հետ շփումից հիմնականում խուսափում են: Ոստիկանական կուտակումներ կամ ուժայինների աղմկոտ մեքենաները տեսնելիս տարեց մարդիկ և կանայք մեկ-մեկ բարձրաձայն հայհոյում են:

45-ամյա տաքսու վարորդ Ալբերտը պնդում է, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններն ու «կագեբեշնիկներն» ավելի շատ են, քան համազգեստավորվածները: Իր խոսքերով, դրանք առիթ են փնտրում մարդկանց մեկ անգամ ևս ծեծելու, նստացնելու և վախեցնելու, քանի որ բողոքը ոչ մի տեղ չի կորել և իրավիճակը կարող է սրվել:

«Ես ինքս ռուսի դեմ բան չունեմ: Համ խոպան եմ եղել, համ էլ էս տաքսին իրանց հույսով եմ քշում: Իրանք էլ իրանց են շատ լավ զգում: Ստեղ ծառայելու համար Ռուսաստան կաշառք են տալի. ամեն ինչ էժան է, երեխաների համար անվտանգ, մարդիկ բարեհամբույր են, մեկը վատանա փողոցում` կմոտենան կօգնեն, կտանեն տուն: Ռուսաստան նման բան չկա», – ասում է Ալբերտը:

Զրույցին միանում է մոտ երեսուն տարեկան Արմենը, ով իր մեքենան տաքսու տակ է քշում և սննդի առաքման համար է օգտագործում. «Ես չգիտեմ, ինչ է լինելու, բայց մի բան պարզ է. ռուս սալդատի, ռուս աֆիցեռի հանդեպ վերաբերմունքը էլ նույնը չի լինելու: Մեկը ես` հարբած, սատկած պարկած զինվորական տեսնեմ, ավելորդ անգամ չեմ օգնի, ձեռք չեմ մեկնի»:

Սուրբ Յոթ Վերք եկեղեցու մոտ մի խումբ կանայք բարձրաձայն հայհոյում էին մոտակայքում շարվող ոստիկաններին և նրանց «ղեկավար Պուտինի ճտերին»: Խոսել համաձայնեց միայն մեկը` բուժքույր Լիդան. «Մեր տղերքին ծեծեցին ու դեռ չեն հանգստացել: Ինձ ոչ մեկի ուշացած ներողությունը պետք չէ: Ես մի բան գիտեմ. եթե ժողովուրդը տանը նստեր, էս դեպքի վրա ուշադրություն դարձնող չեր լինի: Սա ամբողջ Հայաստանի համար դաս պետք է լինի»:

Կառաոկե ակումբի բարմեն Սաքոն ասում է, որ ռազմաբազայի ծառայողները իրենց հիմնական և ամենավճարունակ հաճախորդներն են և համոզված է, որ ռուսաստանյան իրավապահ մարմիններն ավելի արդար կդատեն հանցագործության մեղավորներին: «Ինչու մեր ազգում քիչ մանյակներ կա՞ն: Թե, որ Թալին կամ Կիրովական ռուսական չաստ չկա, ընդեղ լավ կապրի՞ն: Անգործ նստած ենք, բա մեր տունը ո՞վ պիտի պահի: Մերոնց հախից չեկած, ընկել ենք ռուսի հետևից»:

Խանութպան Աշոտն ինքը դիմեց Epress.am-ի թղթակցին` տեսնելով ձեռքի տեսախցիկը.

– Չե՞ք հոգնել, հերի՞ք չի էս մարդկանց տանջեք:

– Ես լրագրող եմ:

– Ի՞նչ տարբերություն մենթ, թե՞ լրագրող: Տարին մի անգամ եք հիշում Գյումրին: Որ դուք գնաք, ոստիկաններն էլ կգնան: Իրանք էլ իշխանության համար կաշխատեն, դուք էլ:

– Իսկ դո՞ւք:

– Ես կորցնելու բան չունեմ. աղջիկս Ֆրանսիա է, տղես` Մոսկվա:

– Ինձնից ի՞նչ բողոք ունեք:

– Ձեր հեռուստակայանները ամեն ինչ շուռ տված ցույց կտան: Կամերադ անջատի, ասեմ: Բոլորը գալիս են, գյումրվա թասիբի մասին կխոսեն: Դուք մեր թասիբի հետ գործ չունեք: Թե կարաք, Երևանի թասիբը պահեք: Տղերքը դուրս եկան արդար բողոքի, իրանց հանցագործ սարքեցին: Հեսա որ գնաք, էլ մերոնց տերը ո՞վ է: