Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը Գյումրիում կոպտորեն խախտել է օրենքը․ հայտարարություն

Ոստիկանությունը Գյումրիում կոպտորեն խախտել է օրենքը․ հայտարարություն

Երեկ երեկոյան Գյումրիում ոստիկաններն օրենքի խախտումներով են գործել, տարածած հայտարարության մեջ նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն։

«Ոստիկանությունն արեց ամեն ինչ, որ ոստիկաններ վիրավորվեն» անունը կրող հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ խաղաղ հավաքի մասնակիցների մի մասը դատախազության շենքից որոշել է շարժվել դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն։

«Հյուպատոսությունից շուրջ 200 մետր առաջ Ոստիկանությունը շղթա է կազմել և խոչընդոտել այդ պահին դեռևս խաղաղ երթի ընթացքը` կոպտորեն խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, քանի որ վերջինս որևէ սահմանափակում չի ներառում դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի վերաբերյալ:

Հավաքի մասնակիցների մեջ իրոք կային ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ, որոնց վրդովեցրել էր Ոստիկանության կողմից երթի կասեցումը: Ոստիկանությունը, իր հերթին, ագրեսիվ քաղաքացիների մեկուսացնելու փոխարեն սկսեց հավաքը ուժով դադարեցնելուն ուղղված գործողություններ, որոնց ընթացքում կիրառվեցին հատուկ միջոցներ (լուսաձայնային նռնակներ, մահակներ):

Ոստիկանության այդ անիրավաչափ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածքներ, ինչը, անշուշտ, էլ ավելի կատաղեցրեց հավաքի մասնակիցներին և դրդեց վերջիններիս ուժ կիրառել ոստիկանության դեմ:

Այդ ամենն իմանալով և նախկինում բազմաթիվ անգամներ հավաքներ ցրելու վարժանքներ անց կացնելով հանդերձ՝ ոստիկանության շղթայի ձախ ֆլանգում կանգնած ծառայողները պաշտպանված չէին վահաններով և սաղավարտներով:

Ակնհայտ է, որ նման բախման ժամանակ այն ոստիկանները, ում հրահանգված էր առանց սաղավարտերի և վահանների կանգնել առաջին գծում, չէին կարող չտուժել… Ինչը և տեղի ունեցավ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է պատասխանի հետևյալ հարցերին`

1. Ինչո՞ւ ի հեճուկս «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ խոչընդոտվեց քաղաքացիների երթը դեպի ՌԴ հյուպատոսություն,

2. Ինչո՞ւ ոստիկանությունն սկսեց հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը և ոչ դրա ագրեսիվ մասնակիցների մեկուսացումը,

3. Ինչո՞ւ շուրջ 20 ոստիկանների հրահանգվեց առանց սաղավարտների և վահանների կանգնել առաջին գծում (արևելյան ֆլանգում):

Նշենք, որ ոստիկանների գործողությունները համակարգում էր ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանական զորքերի հրամանար Լևոն Երանոսյանը, ով, ի տարբերություն առաջին գծում (ձախ ֆլանգում) կանգնեցված ոստիկանների, կրում էր սաղավարտ», ֊ ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ բախումների ընթացքում տուժել են 10-ից ավել քաղաքացիներ և ոստիկաններ, 12֊ը բախումների ընթացքում բերման են ենթարկվել։ Հավաքի մասնակիցները պահանջում են, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը քննեն ՀՀ իրավասու մարմինները։

Լուսանկարը տարածել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն