Home / Հայաստան / Հայաստանը շփոթել են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Հայաստանը շփոթել են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Ռուսաստանյան հեռուստաալիքների անուշադրությունը Գյումրիի սպանդի ու դրան հետևած իրադարձությունների նկատմամբ փոխարինվել է հրապարակումներով, որոնց հեղինակները խեղաթյուրում են տեղի ունեցողն ու սխալ տեղեկություն տրամադրում։

Հայաստանյան իրադարձությունների մասին լռելուն անդրադարձել է, օրինակ, ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը՝ «Ֆեյսբուք»֊ի իր էջում գրելով․ «Պուտինյան քարոզչամեքենան (առաջին հերթին՝ հեռուստատեսությունը) լռում է հայաստանյան Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին, որտեղ 102֊րդ ռազմաբազայի զինվոր Պերմյակովն սպանել է մի ընտանիքի 6 անդամների, այդ թվում՝ 2֊ամյա երեխայի։ «Դոժդ»֊ից բացի, որևէ հեռուստաալիք Գյումրիի սարսափելի դեպքերը լրջորեն չի լուսաբանում։ Մինչդեռ, այնտեղ ցուցարարները պահանջում են մարդասպանին հանձնել Հայաստանի իշխանություններին ու նրան դատել Հայաստանում։ Ու դա ճիշտ է։ Ի վերջո, հայերը կպահանջեն 102֊րդ ռազմաբազան դուրս բերել Հայաստանի տարածքից։ Շոյգուն դրա՞ն է ձգտում»։

«Վզգլյադ» պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Եվգենի Կրուտիկովը, ով գրում է «տեղի ԶԼՄ֊ների որոշ ներկայացուցիչների ռասիզմի մասին», Հայաստանը համեմատում է Հարավային Օսիայի հետ, ստում գյումրեցիների մասին, հիմնվում «պատմական հիշողության» վրա և իսկույն ուղղում ինքն իրեն՝ «ՌԴ֊ի բազան ոչ քմահաճույք է, ոչ էլ տուրք ինչ֊որ առասպելական կամ պատմական կապերին»։

Կրուտիկովը, մասնավորապես, գրում է․ «Երբ [սպանության մասին տեղեկությունը] սկսեց տարածվել նախ Գյումրիում, այնուհետև նաև՝ ամբողջ Հայաստանում, տեղի ԶԼՄ֊ների մի շարք ներկայացուցիչներ սկսեցին մեկը մյուսի հետևից ակնհայտ հակառուսական, նույնիսկ գրեթե ռասիստական հրապարակումներ անել։ Շեշտը միտումնավոր դրվում էր ենթադրյալ հանցագործի քաղաքացիության ու ազգության վրա»։

Պարզենք՝ ով և ինչպես էր շեշտադրումներ անում։ Ամեն ինչ սկսվեց մի ընտանիքի վեց անդամների սպանության ու ծանր վիրավոր նորածնի մասին տեղեկությունից։ Անմիջապես հայտարարվեց, որ կասկածյալը ռուսաստանցի զինվոր Վալերի Պերմյակովն է։ Ահա և ամբողջ տեղեկությունը ազգության ու քաղաքացիության մասին։ Բայց։ Տեղեկության առաջին ալիքն ստացվեց տեղի քննչական ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ռուսաստանյան բազայի ներկայացուցիչների կողմից։ Հետագայում, «մեղքն ընդունելու» ու սպանության «հանգամանքների» մասին տեղեկացրեցին տեղի պաշտոնյաները՝ վկայակոչելով ՌԴ զինվորականներին, քանի որ ենթադրյալ մարդասպանին ձերբակալել էին ռուսաստանցի սահմանապահները, հետաքննչական գործողություններն իրականացվել են նույնպես ռուսաստանյան բազայի տարածքում, որտեղ և պահվում է կասկածյալը։

Այնուհետև, հոդվածի հեղինակը, որևէ հղում չտալով հայաստանյան ԶԼՄ֊ներին ու դրանց «հակառուսական ու ռասիստական» հրապարակումներին ու Հայաստանն անվանելով «Անդրկովկաս», գրում է․ «Որքան էլ՝ պարադոքսալ չէ, Գյումրիից ռազմաբազան դուրս բերել պահանջում են անկիրթ ռուսաստանցի «փորձագետները», այլ ոչ՝ «հայաստանցի ակտիվիստները»։ «Մեկնաբանների» այդ կատեգորիան կոչ է անում դուրս գալ Անդրկովկասից ու թողնել, որ «իրենք իրենց հարցերը լուծեն»։ Իսկ ահա Հայաստանում, անգամ ամենապոպուլիստական ընդդիմադիր խմբերը կոչ են անում «համատեղ քննություն» անցկացնել ու «հավասարակշռված մոտեցում» ցուցաբերել»։

Կրուտիկովը շարունակում է՝ Հայաստանի տարածքում իրականացված ծանր հանցագործությունն անվանելով իրավական բախում ու ՄԱԿ֊ի անդամ պետությունը համեմատելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ․ «Ի դեպ, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսաստանյան բազաների զինծառայողները բացարձակ անձեռնմխելիություն են վայելում ու ոչ մի պարագայում չեն ընկնում հյուրընկալող երկրի իշխանությունների իրավասության տակ»։

«․․Միայն «ակտիվիստները» շարունակում են գրեթե անհապաղ լինչի դատաստան պահանջել, քանի որ «նա խոստովանել է»,֊ գրում է հեղինակը։ Մեղքի ընդունումը վերցնելով չակերտների մեջ՝ նա կասկածի տակ է դնում ռուսաստանցի ռազմական քննիչների գործողությունները, որոնք էլ հենց տարածել են համապատասխան տեղեկությունը։ Չակերտների են արժանացել նաև ակտիվիստները։ Նշենք, որ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահը մշտապես ընդգծում է, որ հանցագործը (հանցագործները) ու հենց ինքը՝ Վալերի Պերմյակովը, պետք է կանգնի Հայաստանի դատարանի առջև ու պատասխանատվության ենթարկվի այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։ Բացի դա, ցուցարարները և Գյումրիում ու Երևանում հավաքների կազմակերպիչները նշում են, որ կասկածյալին, ինչպես նաև գործը հայաստանյան կառույցներին հանձնելուց հետո հաջորդ քայլը լինելու է Հայաստանի քննչական ու դատական մարմինների գործողությունների մշտական վերահսկողությունը։

Կրուտիկովը նաև հիշեցնում է ռուսաստանցի զինծառայողների նախկին անփութությունների ու հանցագործությունների մասին, որոնք հանգեցրել են զոհերի տեղի բնակչության շրջանում։ Խոսելով 2013 թվականին բազային հարակից հրաձգարանում ականի վրա պայթած գյումրեցի երեխաների մասին՝ Կրուտիկովը, մասնավորապես, ընդգծում է․ «Բազան լուրջ հետաքննություն է իրականացրել ու հրաձգարանի պահպանման հարցում թերություններ հայտնաբերել, սակայն ծնողներն իրենց հերթին պետք է ավելի լավ հետևին իրենց երեխաներին»։

Այնուհետև հեղինակը գրում է Գյումրիի բնակիչների զգալի մասի՝ ռուսաստանյան բազայից ուղղակի կախվածության մասին։ Այդ կախվածությունը նրանք ձեռք են բերել՝ «աշխատելով դրա սպասարկման ոլորտում»։ Իսկ ցուցարարների շրջանում Եվգենի Կրուտիկովը Գյումրիի բնակիչներ չի տեսել։ Նշենք, որ հավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը գյումրեցի էր։ Դրանում համոզվելու համար, իրադարձություններին պետք էր հետևել հայերենին տիրապետող մարդու հետ։ Գյումրիի բարբառը ամենայուրօրինակներից է ու այն հնարավոր չէ շփոթել։ Հենց այդ բարբառով էին իրենց վրդովմունքն արտահայտում բազայի, հյուպատոսության ու դատախազության առջև հավաքված ցուցարարները։ Ինչ վերաբերում է Գյումրիի հյուրերին, ապա նրանց հիմնականում կարելի էր հանդիպել դեպքի վայր բերված ոստիկանների, ինչպես նաև լրագրողների շրջանում։

Հեղինակը նաև խոսում է Հայաստանում բազան լուծարելու անհնարինության մասին, քանի որ «Հայաստանի ու Թուրքիայի միջև բացարձակ վստահություն երբեք չի լինի»։ Նա հենվում է «պատմական հիշողության» վրա, որը թույլ չի տալիս հավատալ ՆԱՏՕ֊ի կամ ԱՄՆ֊ի անվտանգության երաշխիքներին։

Հաջորդ պարբերություններում պարզվում է, որ «Հայաստանում ՌԴ բազան ոչ քմահաճույք է, ոչ էլ տուրք ինչ֊որ առասպելական կամ պատմական կապերին»։ «Նման ինչ֊որ բան» հեղինակը խոստանում է նաև Տաջիկստանին ու Ղրղզստանին․ «[Հայաստանում ՌԴ բազան] անկայուն տարածաշրջանում ռուսական ռազմական մարտավարության կարևոր ու գիտակցաբար ստեղծված մասն է։ Ընդ որում, դա միակ օրինակն է այն բանի, որ մարտավարական պաշտպանության համակարգը կարող է դուրս բերվել ՌԴ տարածքից ու լրացուցիչ ազդեցություն ունենալ ռազմական գործողությունների բոլորովին այլ թատրոնում՝ Մերձավոր Արևելքում, ուժերի դասավորության վրա։ Չի բացառվում, որ նման ինչ֊որ բան կարող է ձևավորվել Կենտրոնական Ասիայում՝ Տաջիկստանում ու Ղրղզստանում»։

«Ռուսաստանը պետք է խիստ հետևողություններ անի Գյումրիի ողբերգությունից» հոդվածը եզրափակվում է Մոսկվայի՝ Հայաստանի հանդեպ անուշադրության ու անզգուշության վերաբերյալ մտորումներով ու Ցխինվալիում ռուսաստանցի սպաների կացնային գործողությունների օրինակով։