«Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակից Յուլիա Լատինինան անդրադարձել է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը և Կրեմլի քաղաքականությանը․
– Մի քանի հարց ունեմ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Հիշեցնեմ՝ կա նման երկիր՝ Հայաստան՝ Ռուսաստանի արբանյակը։ Մեր արբանյակներին, ի դեպ, կարելի է աջ ձեռքի մատների վրա հաշվել․ Հարավային Օսիան, որին վերածել ենք ՀԱՄԱՍ-ի, Աբխազիան, որտեղ իրավիճակն ուղղակի աղետալի է, Մերձդնեստրը՝ նույնպես աղետալի իրավիճակով, և Դոնբասը, որը վերածել ենք շատ մեծ ՀԱՄԱՍ-ի, որտեղ բավականին անմեղսագիտակ լյումպեններն ընտանիքներ են գնդակահարում և բնակարաններ ու մեքենաներ կորզում, ու այդ ամենը, բնականաբար, «անիծված ուկրաինացի ֆաշիստներից» պաշտպանվելու համար։ Հինգերորդը Հայաստանն է։ Մեզնից փախչելու տեղ Հայաստանը չունի․ երկիրը միացել է Մաքսային միությանը՝ ի տարբերություն ինչ֊որ ադրբեջանցիների, ի տարբերություն այդ նույն Ուկրաինայի։ Հասկանալի է՝ ինչու։ Քանի որ փոքրիկ ու աղքատ Հայաստանի կողքին կա հզոր ու հարուստ Ադրբեջան։
Նկատենք, ի դեպ, թե 20 տարիների ընթացքում դերերն ինչպես են փոխվել, քանի որ դեռևս 20 տարի առաջ Հայաստանն առավել առաջադեմ, առավել զարգացած երկիրն էր թվում։ Այս 20 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է արդյունավետ ստեղծագործ մարդկանց զգալի մասը։ Իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, նավթի ու բավականին խելամիտ քաղաքականության շնորհիվ շատ մեծ զարգացում է ապրել ու բարձրացել։ Ու, քանի որ Հայաստանը հայտնվել է փակուղում, ապա Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը գրավելուն խանգարում է միայն Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։
Մի խոսքով, դա երկիր է, որն ամեն ինչում մեզ է ենթարկվում, մեզ հետևում ինչպես պոչը՝ շանը․․․ Հունվարի 12֊ին շարքային զինվոր Վալերի Պերմյակովը, ով ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102֊րդ ռազմաբազայում, կամ որոշել է փախչել բազայից, կամ ուղղակի դուրս է եկել զբոսնելու, կամ Ավետիսյաններից ջուր է խնդրել, իսկ վերջիններս մերժել են, կամ լավ կայֆի տակ է եղել, կամ, ընդհանրապես, բազայում խառնաշփոթ է տիրում․ ամեն ինչ վկայում է այն մասին, որ բազայում բավականին մեծ խառնաշփոթ է։ Ու եթե այդ զինվորը կայֆի տակ էր, նշանակում է՝ դա բազայի տարածքում վաճառվող միակ կայֆը չէ։ Կարճ ասած՝ նա գնդակահարել է մի ամբողջ ընտանիքի։ Ու, քանի որ գնդակները չեն բավականացրել, երկու տարեկան երեխային հարվածել է ինքնաձիգի սվինով։ Հետագայում զինվորը պարզաբանել է, որ վախեցել է, թե այդ մարդիկ, այդ թվում՝ երկու տարեկան երեխան, իրեն կհանձնեն բազային։ Բայց գնդակները չեն բավականացրել, ու ստիպված սվինով է հարվածել։
Տանը հայտնաբերել են նրա զինվորական կոշիկները, հագուստն ու զենքը․ կոշիկների վրա գրված է եղել նրա ազգանունը՝ «Պերմյակով»։ Զինվորին ժամեր անց ձերբակալել են հայ֊թուրքական սահմանին, ու Հայաստանի իշխանություններին հանձնելու փոխարեն, փոխանցել 102֊րդ ռազմաբազայի հրամանատարությանը։
Այս ամենից հետո, ամենայն հավանականությամբ, Կրեմլում ինչ֊որ մեկը որոշել է ոտքերը մաքրել հայ ժողովրդի վրա։ Հիշեցնեմ, ի դեպ, նմանատիպ իրավիճակ, երբ Պոդոլսկի մոտ հայաստանցի վարորդի մասնակցությամբ տեղի ունեցավ ՃՏՊ ու բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Այն ժամանակ Ռուսաստանի տարածքում հանցանք գործած այդ հայաստանցուն ոչ ոք չհանձնեց Հայաստանին, որպեսզի այնտեղ դատեն։
Բոլորովին անհասկանալի է, սակայն, թե ինչու որոշեցինք պաշտպանել զինվոր Պերմյակովին, ում, բնականաբար, կդատեն Ռուսաստանի տարածքում։ Հատկանշական է, սակայն, այն, որ օտար երկրի տարածքում մեզ պահում էինք նույնիսկ ոչ ինչպես գաղութի տարածքում, այլ հայ ժողովրդի համար ամենավիրավորական ձևով, ու միայն այն պատճառով, որ կարող ենք․ քանի որ միջազգային քաղաքականությունում Կրեմլի վեհության գաղափարը դա է։
Ինձ շատ հաճախ թվում է, որ մեր Կրեմլում կարծում են՝ երկրի վեհությունը կայանում է հետևյալում՝ մեծ ժողով գումարել ու ժողովի ընթացքում, երբ մյուսները կենաց են ասում, տարբեր ուտեստներ վայելում, կանգնել, հանել առնանդամն ու միզել մյուս ներկաների վրա։ Ու բոլոր ներկաները թաքցնում են աչքերը, քանի որ․․․դե էնպես չի, որ գնդակահարել է, պարզապես ինչ֊որ տարօրինակ բան է արել։ Ինչպե՞ս արձագանքել նման արարքին։ Բոլորը աչքերն են թաքցնում, իսկ այլանդակը մտածում է․ «Ի՜նչ հզոր եմ ես։ Տեսեք, բոլորը աչքերն են թաքցնում, ու ոչ ոք բերանիս հարված չհասցրեց»։ Այս իրավիճակում մենք արեցինք նույնը Հայաստանի հետ։ Արդյունքը, սակայն, բազայի հրամանատարության ու Կրեմլի համար այնքան էլ հաճելի չէր, քանի որ Հայաստանում բազմահազարանոց հավաքներ սկսեցին կազմակերպել, շրջափակեցին բազան, սկսեցին ցույցեր անցկացնել ռուսաստանյան դեսպանության առջև՝ պահանջելով հայ ժողովրդի վրա իրենց ոտքերը չմաքրել։
Ու, հետևաբար, ես երկու հարց ունեմ։ Հասկանալի է, որ Հայաստանում ճգնաժամային ոչինչ տեղի չի ունենա։ Հազիվ թե այնտեղ Մայդան կազմակերպեն, որը գահընկեց անի Սարգսյանին։ Բայց կա երկու խնդիր։ Մեկը՝ զուտ գործնական։ Այդ մեզ է թվում, թե Հայաստանը շատ հեռու է։ Այն Անդրկովկասում է, որը բավականին թեժ տարածաշրջան է։ Իսկ կողքին Ադրբեջանն է, որի հետ հարաբերությունները մեզ համար նույնպես կարևոր են։ Ու հիմա ադրբեջանցի ժողովուրդը ուրախ֊ուրախ նայում է այն ամենին, ինչ տեղի է ունենում ու ծիծաղելով ասում․ «Դե տեսեք, թե ձեզ ինչպես են վերաբերվում ձեր գաղութարարները»։
Ու երկրորդ հարցը՝ Ռուսաստանի արբանյակ լինելն ի՞նչ է նշանակում։ Եթե նայենք, թե ինչ է տեղի ունենում ռուսաստանյան արբանյակներում՝ Հարավային Օսիայում, Աբխազիայում, Դոնբասում, Մերձդնեստրում, զարմանալի երևույթ է․ տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, տարբեր կերպ են վերաբերվել իրենց գաղութներին։ Խորհրդային Միությունն էլ իր գաղութներին շատ բան է տվել։ Այսօր, սակայն, յուրատեսակ իրավիճակ է տիրում, երբ երկիրը կամ տարածքը, որը հայտվել է մեր ազդեցության գոտում, նվաստացումից ու կեղտից բացի, ոչինչ չի կարող ակնկալել։ Ամեն ինչ արվում է ու կարվի, որպեսզի այդ երկրի բնակիչները որքան հնարավոր է վատ զգան իրենց։ Ու այդ ամենն անող մարդիկ անկեղծորեն հավատում են, որ դա Ռուսաստանին էլ ավելի վեհ է դարձնում։