Հայաստանում շուրջ 350 հասարակական կազմակերպություններ քարոզում են եվրասիական ինտեգրացիայի դեմ և «Արևելյան գործընկերության» շրջանակներում Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման օգտին։ Մենք նրանց աշխատանքը պատշաճ չենք համարում, քանի որ անպատշաճ ենք համարում, ընդհանրապես, հարցի վերաբերյալ «կամ֊կամ» դիրքորոշումը՝ կամ դուք մեզ հետ եք, կամ՝ նրանց։ Երեկ՝ փետրվարի 26֊ին, լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»֊ն։
«Այդ դիրքորոշումն արդեն ոչնչացրել է կամ գրեթե ոչնչացրել է Ուկրաինան և կարող է ոչնչացնել ցանկացած այլ երկիր, եթե հարցը դրվի նման համառ ու ճակատային կերպով»,֊ ասել է Կոսաչևը։
«Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ֊ում, այլև՝ ՀԱՊԿ֊ում, արդեն նաև Եվրասիական տնտեսական միությունում։ Մեր երկրի հետ նման ինտեգրացիոն նախագծերը Հայաստանի հասարակության շրջանում մեծ աջակցություն են ստանում։ Այս գործընթացները ոչ միայն երկրի ղեկավարների որոշումների արդյունքն են, այլև՝ ժողովրդի շրջանում գոյություն ունեցող տրամադրությունների»,֊ վստահություն է հայտնել խորհրդարանականը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում այլ ուղղությամբ գործում են բազմաթիվ աշխարհաքաղաքական մրցակիցներ՝ անտեսելով այդ տրամադրությունները։
Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի խուսափել ընտրության առջև կանգնելու փորձությունից։ «Հուսով եմ, որ մենք՝ Ռուսաստանն ու Հայաստանը, երկար տարիներ ու դարեր կպահպանենք դաշնակցական ու բարեկամական հարաբերությունները՝ ինչպես անցյալում էր»։