Մարտի 1-ի գործը վաղուց բացահայտված է, և պետք է ընդամենը հրապարակայնացվի, սակայն այդ դեպքում հնարավոր է պարզվի՝ իշխանության մեջ որևէ մեկն անմասն չէ այդ հանցագործությունից։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասել է «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը։
«Մարդասպաններն էլ են բացահայտված, հրաման տվողներն էլ են բացահայտված, բոլոր սպանությունները բացահայտված են։ Աշխարհի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ հազարավոր ականատեսների ներկայությամբ տեղի ունենա սպանություն և, չակերտավոր ասած, չբացահայտվի», ֊ ասել է Սեմիրջյանը։ Նա հավելել է, որ, բացի դեպքի հազարավոր ականատեսներից, գոյություն ունեն հարյուրավոր լուսանկարներ և տեսագրություններ, որոնց հիման վրա պետք է վաղուց քննություն կատարվեր։
Բանախոսը նշել է, որ ցուցմունք են տվել նաև 500 վիրավորներ, որոնք պնդել են, որ տեսել են՝ ովքեր են իրեց վրա կրակել, սակայն քննություն չի սկսվել։
Սեմիրջյանի խոսքով՝ այսօր դատախազությունը փորձում է տեսակավորել հանցագործությունները՝ հաշվի առնելով, թե ինչ տեսակի զենքից են սպանվել զոհերը։ Նրա խոսքով՝ «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը, որով սպանվել են Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը և Տիգրան Խաչատրյանը, միայն ոստիկանների ձեռքում է եղել, այնպես որ այս դեպքը բացահայտելու և քննարկելու խնդիր չկա։
«Մենք ունենք 4 մարդ, որոնք կրակել են «Չերյոմուխա» տեսակից, և մնում է պարզել՝ այդ 4 մարդուց ով է սպանել», ֊ ասել է Սեմիրջյանը՝ հավելելով, որ սպանությունը բացահայտելու համար պետք է դատական գործընթաց լինի, որի ժամանակ այդ 4 մարդիկ պետք է ցուցմունք տան, և հայտնի դառնա՝ նրանցից մարդասպանը կամ մարդասպաններն ովքեր են։
Սեմիրջյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ Մարտի 1-ի բացահայտումն օգուտ է, առաջին հերթին, իրենց համար, քանի որ ինչպես իրենք վարվում են Մարտի 1-ի հետ, այնպես էլ միջազգային հանրությունն է վարվում Հայաստանի հետ։
«Եթե Հայաստանը հարց է բարձրացնում Ադրբեջանի ապօրինությունների մասին, միջազգային հանրությունը կարող է ասել՝ դուք չեք կարողանում ձեր մարդասպաններին գտնել, մենք ինչպես կարող ենք Ադրբեջանի մարդասպաններին գտնել։ Մարտի 1-ով Հայաստանը միջազգային ասպարեզում դառնում է խոցելի», ֊ եզրափակել է Սեմիրջյանը։
2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանին սատարող ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց ՀՀ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։