Home / Տեսանյութեր / Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը քաղաքական կամքի հարց է․ ծնողները հանդիպեցին Կոստանյանի հետ

Մարտի 1-ի սպանությունների բացահայտումը քաղաքական կամքի հարց է․ ծնողները հանդիպեցին Կոստանյանի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Մարտի 1-ի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթ անջատել: Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության՝ այս մասին Կոստանյանն ասել է երեկ Մարտի 1-ին զոհված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Epress.am-ի հետ զրույցում զոհերից մեկի՝ Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, ասել է, որ իրենք գոհ են, որ դատախազը ժամանակ է տրամադրել և հանդիպել է իրենց, ավելին՝ լսելով իրենց բարձրացրած հարցերը, խոստացել է ևս մեկ հանդիպում կազմակերպել առաջիկա 15 օրվա ընթացքում։

Մեր այն հարցին, թե ինչ հիմնախնիդրներ են բարձրացրել հարազատները՝ Ջեմմա Վարդումյանը պատասխանել է․ «Մենք պահանջել ենք յուրաքանչյուր սպանությունն առանձին առանձին քննեն, քանի որ ամեն մեկի դեպքն իր յուրահատկությունը ունի։ Ամենառաջինը՝ մենք բարձրացրել ենք Տիգրան Աբգարյանի սպանության հարցը, որը ջահել զինծառայող էր, և նրան զորքի մեջ ժողովրդի դեմ հանելն արդեն իրավունք չունեին։ Երկրորդը՝ այն երեք տղաների հարցն է, որոնք սպանվել են չերյոմուխայով։ Էդ զենքը քաղաքում մարդկանց մեջ չի կարելի օգտագործել, այն բաց տարածությունների համար է։ Հաջորդը Սամվել Հարությունյանի հարցն է, ում սպանել են ծեծելով և ով 40 օր մնաց հիվանդանոցում, չէին ուզում, որ Մարտի 1-ի զոհ համարվի՝ միջազգային հանրության համար։ Մյուսը իմ տղայի հարցն էր, ով Ձկան խանութի դիմաց ընդամենը նկարահանում էր, երբ նրան սպանեցին»։

Վարդումյանի խոսքով՝ Մարտի 1-ի բացահայտումը ոչ թե տեխնիկական հարց է, այլ քաղաքական կամք ունենալու խնդիր։

Մարտի 1-ի զոհված Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, մեզ տեղեկացրել է, որ հանդիպմանը գլխավոր դատախազը խոստացել է նոր քննություն սկսել բոլոր գործերով։

Քլոյանը նշել է նաև, որ Գևորգ Կոստանյանը ծնողներին նաև քարտեզ է ցույց տվել, որի վրա նշված է եղել, թե զոհերից յուրաքանչյուրը որտեղ է սպանվել։

2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։