2008 թվականի մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդները վերջին օրերին ծանուցագրեր են ստանում և կանչվում ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն ասել է, որ ինքը ստացել է ծանուցագիր, գնացել է ՀՔԾ, հարցաքննվել և մի շարք հարցեր ուղղել քննիչին: Քլոյանը նաև տեղեկացրել է, որ գործով նոր քննիչ է ներգրավվել. «Քննիչն ինձ հարցրեց, թե 2008 թվականի մարտի 1-ին ե՞րբ ենք գնացել Մյասնիկյանի արձանի մոտ, ի՞նչ ենք արել: Ես ի պատասխան մանրամասն բացատրեցի, որ մենք Մյասնիկյանի արձանի մոտ գնացել ենք իմ տղայի հետ միասին՝ հետաքրքրությունից ելնելով: Ես մանրամասն բացատրեցի, թե ինչ եմ տեսել, ինչ ոստիկաններ եմ տեսել, նրանք ինչ էին անում: Նա բոլորը ձայնագրեց և տպագրեց: Տպագրելուց հետո տեքստը ցույց տվեց ինձ, ասաց՝ կարդա, որ ստորագրես: Ես կարդացի ու տեսա, որ այնտեղ գրված է, թե իբր ներքին զորքերի կողմից զենքը ոչ ճիշտ օգտագործելու պատճառով ունեցել ենք զոհեր: Ես քննիչին հարցրեցի՝ եթե դուք չգիտեք ովքեր են սպանել, ինչպե՞ս գիտեք, որ զենքը ճիշտ չեն օգտագործել, անզգույշ են օգտագործել: Նա ոչինչ չպատասխանեց: Ես երկրորդ հարցը տվեցի՝ եթե «Չերյոմուխա-7» տեսակի զենքը խստիվ արգելված էր, ապա ո՞վ հրաման տվեց զորամասից դուրս հանել այդ խստիվ արգելված զենքը: Դարձյալ պատասխան չկար»:
Քլոյանը նշել է նաև, որ ինքը ստորագրել է ցուցմունքի միայն այն հատվածը, որ ինքն է տվել:
2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանին սատարող ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց ՀՀ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում