հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Մարտի 1, գազի գին, ջրառ․ ներկայացվեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու առաջարկը

Մարտի 1, գազի գին, ջրառ․ ներկայացվեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու առաջարկը

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։ Այս մասին ասված է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստում, որը պատգամավորը տպագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթում և այսօր ներկայացնելու է Ազգային ժողով։

Ըստ Փաշինյանի՝ պաշտոնեական դիրքի չարաշահումներից է, մասնավորապես, այն, որ 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է Մարտի 1-ի գործով զբաղվող Փաստահավաք խմբի գործունեությունը կասեցնելու մասին կարգադրությունը։ Փաշինյանն ընդգծում է, որ Փաստահավաք խումբն ստեղծվել էր Սերժ Սարգսյանի մեկ այլ կարգադրությամբ և, դրան համաձայն, այն կարող էր լուծարվել միայն իր բնականոն գործունեության ավարտի դեպքում, մինչդեռ Սարգսյանը Խմբի գործունեությունը դադարեցրել է կարգով չնախատեսված ձևով։ Ըստ պատգամավորի՝ Փաստահավաք խմբի գործունեությունն սպառնում էր 2008 թվականի Մարտի 1-2֊ին տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածի փլուզմամբ, ինչը «կարող էր հանգեցնել 1998-2008թթ․ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած իշխանությունների թույլ տված հանցանքների, այդ թվում՝ Մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունների բացահայտմանը»։

ԱԺ որոշման նախագծի մեջ նշվում է, որ Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը Խմբում իրենց գործունեության ավարտից հետո հրապարակել են 4 զեկույց, որոնք հիմնավորում են, որ Սերժ Սարգսյանը Փաստահավաք խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը կայացրել է խմբային շահերից ելնելով՝ իրեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրանց աջակցած բազմաթիվ անձանց օրինական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

Փաշինյանը նաև նշում է, որ Սերժ Սարգսյանը պետական դավաճանություն է իրագործել՝ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրելով Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունը, որում ամրագրվում էր պատմական փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրության նպատակով երկկողմ կառավարական հանձնաժողովի ստեղծումը։ Նախագծում նշվում է, որ այդպիսով Սերժ Սարգսյանը օգնություն է ցուցաբերել Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու գործում լծակ ստանալու հարցում։

Փաշինյանը Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում է որակում նաև այն, որ վերջինս տեղեկացված է եղել, որ 2011 թվականի կեսերից Ռուսաստանը բարձրացրած է եղել գազի գինը Հայաստանի համար, սակայն Սարգսյանն այդ մասին չի տեղեկացրել հայաստանցի սպառողներին։ 2013 թվականին Սերժ Սարգսյանի կողմից լիազորությունների չարաշահումն ունեցել է ծանր հետևանքներ, քանի որ կուտակված պարտքի դիմաց ՀՀ կառավարությունը Ռուսաստանին է հանձնել «Հայռուսգազարդ» ընկերությունում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը։

Փաշինյանը նշել է նաև, որ վերջին տարիների ընթացքում անխնա օգտագործվել են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսները, ինչն ուղղակի վտանգի տակ է դրել ՀՀ ջրի ռազմավարական պաշարները։ Ըստ Փաշինյանի՝ չկասեցնելով նման իրավիճակը՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվել է խմբային շահերով, որովհետև իր քաղաքական շրջապատի ներկայացուցիչները՝ մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքները բիզնես շահեր ունեն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ոլորտում:

Նախագծի տեքստն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։