2014 թվականի ապրիլի 9-ի միջադեպի հետևանքով սպանված 16-ամյա Տիգրան Հարյապետյանի գործով անցնող ամբաստանյալ Հայկ Աղամալյանը սպանության մեջ մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, ինչն առավելագույն պատիժն էր նրա դեմ առաջադրված հոդվածներով: Այս մասին հաղորդում է «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան կազմակերպության կայքը:
Հայկ Աղամալյանը և նրա հարազատները պնդում են, որ պատանու նկատմամբ քննությունը տարվել է կոպիտ խախտումներով՝ անչափահաս Աղամալյանին բռնի ուժով բերման են ենթարկել ոստիկանության բաժին և հարցաքննելու ընթացքում խոշտանգել են, չկա սպանության գործիքը՝ դանակը:
Դատական նիստերից մեկի ժամանակ Աղամալյանը նշել է, որ մասնակցել է ծեծկռտուքին ու դանակով հարվածել է իրեն անհայտ անձի։ Հետագայում տեսնելով սպանված Հայրապետյանի լուսանկարը, հասկացել է, որ ինքը սպանվածին չի հարվածել։
Դատական վիճաբանությունների փուլում անչափահասի մայրը՝ Նարինե Աղամալյանը, բարձրաձայնել է որդու դեմ կիրառված խոշտանգումների մասին։
«Խփել են ողնաշարհին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել: Ասել են՝ պետք է խոստովանես, որ դու մարդ ես սպանել, եթե մտածում ես մայրիկիդ ու քույրիկիդ մասին», – ասել է Աղամալյանի մայրը:
Գործում առկա խախտումների մասին խոսել էր նաև Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։