հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սպանության մեջ մեղադրվողին ոստիկանությունում 8 հոգով ծեծել են, պատմել է իրավապաշտպանը

Սպանության մեջ մեղադրվողին ոստիկանությունում 8 հոգով ծեծել են, պատմել է իրավապաշտպանը

2014 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած «ռազբորկայի» (միջադեպի) հետևանքով սպանված 16-ամյա Տիգրան Հարյապետյանի գործի նախաքննությունը և դատաքննությունը խախտումներով է անցել, և մեղադրանք է առաջադրվել սպանությունը չկատարած անձին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը:

Իրավապաշտպանն ասել է, որ դիտավորյալ սպանության համար մեղադրանք է առաջադրվել անչափահաս Հայկ Աղամալյանին, այսինքն՝ նրան սպասում է 8-ից 10 տարվա ազատազրկում, մինչդեռ նրա դեմ ապացույցներ չկան, նույնիսկ սպանության գործիք դանակը գործում չկա:

«Գործով դատախազին (Հակոբ Մելքոնյան) ես հարցրեցի՝ ո՞նց եք մեղադրանք առաջադրում առանց դանակի: Նա ինձ պատասխանեց՝ դանակը ի՞նչ եմ անում»,- լրագրողներին պատմել է Դանիելյանը:

Վերջինիս խոսքով՝ խախտումներ սկսվել են Աղամալյանին բերման ենթարկելու օրվանից: Ոստիկանները, առանց խուզարկության թույլտվության, ներխուժել են Աղամալյանների տուն՝ իմանալով, որ այդ օրը նա տատիկի տանն է, գնացել են նրա հետևից և բերման ենթարկել՝ այդ ընթացքում հարվածներ հասցնելով թե՛ Աղամալյանին, թե՛ նրա տատիկին:

Ոստիկանության բաժնում Աղամալյանի մոտ մորը չեն թողել, վերջինս միայն առավոտյանն է վերջինս որդուն տեսել՝ նրա վրա նկատելով բռնության հետքեր: Ինչպես հետագայում պատմել է Հայկ Աղամալյանը, իրեն ծեծի են ենթարկել 8 հոգի՝ մազերից քաշելով և հարվածելով մեջքին: Նախաքննության մյուս խախտումն այն է, որ հետքաբանական փորձաքննություն չի անցկացվել:

Ըստ իրավապաշտպանի՝ Աղամալյանի ինքնախոստովանական ցուցմունքն է հիմք հանդիսացել մեղադրանքի համար: Երիտասարդն այն գրել է, քանի որ իրեն խոշտանգել էին։ Դանիելյանը նշել է, որ Աղամալյանն իրականում այդ «ռազբորկայի» ժամանակ դանակով հարվածել է մի երիտասարդի, սակայն ոչ նրանց ով մահացել է:

Իրավապաշտպանը տարօրինակ է համարում, որ գործով ուսումանսիրվել է Տերյան փողոցում տեղադրված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են կռվի մասնակիցները քայլում, իսկ բուն կռվի տեսանյութ չկա, թեև այն կենտրոնական վայրում է եղել և հավանաբար ևս տեսաձայնագրվել է։

Նշենք, որ դիտավորյալ սպանության հոդվածը նախատեսում է 20 տարվանից ցմահ ազատազրկում և միայն անչափահաս լինելու շնորհիվ է, որ մեղադրողն Աղամալյանի համար պահանջել է 8-10 տարվա ազատազրկում: