Ստեփանավանի բնակչուհի Ա․Բ․֊ն, ով հայտնել էր Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից բռնությունների և հոգեբանական ճնշումների ենթարկվելու մասին, այս պահին անկողնային վիճակում է։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնել էր, որ ոստիկանների ճնշումներից ու նվաստացումներից հետո աղջիկը 16 հատ դեղահաբ է կուլ տվել՝ ինքնասպանություն կատարելու նպատակով, սակայն բժիշկների ցույց տված օգնության արդյունքում կենդանի է մնացել:
Արթուր Սաքունցի խոսքով՝ մայրը աղջկան տարել է բուժզննման նաև նրա ունեցած շնչառական հիվանդության համար: Թեև կենդանի է մնացել, աղջիկը դեղահաբերի ազդեցության տակ է և մի ամբողջ օր քնած է անցկացրել:
Իրավապաշտպան կազմակերպությունը դեպքի առնչությամբ դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով Ա. Բ.-ի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների և բռնությունների ենթարկելու, ազատությունից անօրինական զրկելու, վերջինիս ինքնասպանության հասցնելու փաստերի հիմքով հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Արթուր Սաքունցի խոսքով՝ ՀՔԾ աշխատակիցներն արդեն դիմել են աղջկա ընտանիքին: Մայրն ասել է, որ նա դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ, սակայն ոտքի կանգնելուց հետո անպայման կանի դա։ Իրավապաշտպանը նշել է, որ ՀՔԾ-ում ցուցմունք է տալու նաև աղջկա հայրը, ով պահվել է Ոստիկանությունում որպես պատանդ, և մայրը, ով տեղյակ է աղջկա ստացած վնասվածքներից: Այն բանից հետո, երբ աղջիկը ճանաչվի տուժող և քրեական գործ հարուցվի, իրավապաշտպանական կազմակերպությունը կներգրավվի որպես տուժողի ներկայացուցիչ: