հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սուրիկ Խաչատրյան, Ռուբեն Հայրապետյան․․․ Արթուր Սաքունցը պահանջում է համալրել «Մարտի 1-ի ցուցակը»

Սուրիկ Խաչատրյան, Ռուբեն Հայրապետյան․․․ Արթուր Սաքունցը պահանջում է համալրել «Մարտի 1-ի ցուցակը»

2008 թվականին տեղի է ունեցել ոչ թե ոստիկանական ուժերի ու խաղաղ ցուցարարների բախում, այլև պետության զավթում այդ ժամանակ գործող իշխանության կողմից։ Այդ զավթումը իրականացվել է ոչ միայն ոստիկանական ուժերի ներգրավմամբ, այլև զինված ուժերի ու պետական ապարատի ամբողջ ռեսուրսների մասնակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ այդ օրը մարդկության դեմ իրականացված հանցագործության հարցը ոչ միայն իրենց, այլև միջազգային մի շարք մարմինների օրակարգում է։

«Մինչ օրս օրակարգում է երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի կողմից արտահերթ զեկույցը Մարտի 1-ի վերաբերյալ, որում ներկայացված հարցերին պատասխան չի տրվել։ Նույն հարցով երրորդ օմբուդսմենը օրերս իր տարեկան զեկույցում անդրադարձավ Մարտի 1- ի իրադարձությունների քննության չկատարման փաստին և արձանագրվեց, որ ՀՔԾ-ի կողմից, ի տարբերություն 2012 թվականի, երբ հանրությանը իրազեկվեց Մարտի 1-ի գործով իրենց կողմից կատարված քննության ընթացքի ու արդյունքների վերաբերյալ, 2013-ին նման հրապարակում տեղի չունեցավ», – ասել է բանախոսը։

Սաքունցը նշել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 14-ին իրենց կազմակերպությունը գրություն է ուղարկել ՀՔԾ՝ պահանջելով քննության ընթացքի վերաբերյալ տեղեկություն ներկայացնել, ինչին ի պատասխան ՀՔԾ-ն հայտնել է, որ նպատակահարմար չեն գտնում հրապարակել դրանք։

«Կոնկրետ առաջարկություններ էինք ներկայացրել ինչպես ՀՔԾ, այնպես էլ գլխավոր դատախազին, թե որ պաշտոնատար անձանց քննեն։ Գլխավոր դատախազությունից պատասխան չենք ստացել, իսկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ դիմումատուին քննչական գործողությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու օրենսդրական ընթացակարգ նախատեսված չէ», – ասել է իրավապաշտպանը։

Վերջինս նկատել է, որ ՀՀ-ում մարդկության դեմ հանցագործություն կատարած անմիջական պատասխանատուների, կոծկողների, հանցակիցների նախկին ցուցակը պետք է համալրել նոր անուններով։

«Ժամանակին որպես միակ տղամարդ հանդես եկող ՀՀ գլխավոր պաշտոնատար անձը տիրապետում էր ամբողջ պետական ապարատին, հետևաբար ողջ ռեսուրսը, այդ թվում՝ մարզպետները, պետք է ընդգրկվեն այդ ցուցակում, ավելին՝ որտեղ են եղել, ինչ հրահանգներ են ստացել ու ինչ գորողություններ են իրականցրել։ Այդ շարրքում շատ հետաքրքիր է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գտնվելու ու մասնացության հարցը։ Ես չեմ կարծում, որ առանց նրա դերակատարման կարող էին դադարեցնել նրա տղայի ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման փորձը։

Ավելացնեմ Ռուբեն Հայրապետյանին, որ «Հարսնաքարի» հետ կապված բավական չոր դուրս եկավ։ ՀՔԾ-ն պետք է բացատրություն վերցնի, թե ինչ նշանակություն են ունեցել բնապահպանության նախարարը, այն ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Հարություն Փամբուկյաննն ու Մնաց Մնացականյանը։ Մենք նշել էինք Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ու շտաբի պետ Սեյրան Օհանյանի անունները, այս մարդիկ մենակ չեն գործել, ուստի առանձին ուսումնասիրության հարց է դառնում կորպուսի հրամանատարների դերակատարության հարցը՝ ինչպիսի հրահանգներ են ստացել և իրականացրել», – ասել է Սաքունցը։

Նա համոզմունք է հայտնել, որ ՌՈ օպերատիվ բաժնի կողմից կատարվել են բոլոր իրադարձությունների նկարահանումները, ու ՀՔԾ-ն պետք է վերցնի ու հետաքննի այդ տեսանյութերը։

«Հիշո՞ւմ եք, երբ լրատվամիջոցներով տարածվեց ռուս գնդապետի նկարը, վերջերս ԱԺ փոխնախագահ Շարմազանովը ասաց, որ իշխանության անցնելու համար պետք է անցնել Մելիք-Ադամյան փողոցով, ի դեպ, հենց այնտեղ էր տեղակայված ներքին զորքերի տեխնիկան իր անձնակազմով, ու ինձ հետաքրքրում է, թե արդյոք այդ գնդապետը նշված փողոցում կամ Մարիոթում է գտնվել։ ՀՔԾ-ն փորձել է պարզել՝ այդ գնդապետից բացի ուրիշ փորձագետներ Հայաստանում եղե՞լ են և հատկապես որտեղ են գտնվել ու ինչ գործողությունն են արել ու ինչ առնչություն են ունեցել։ Պետք է հարցաքննել ոչ միայն ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարին, այլև տեղակալին, հատուկ նշանակության զորքերի հրանատարին։ Պետք է նաև ներկայացնել, թե այդ օրերին ինչ ուժերով են պահպանվել պատական նշանակության շենքերը», – ասել է իրավապաշտպանը։

Սաքունցը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հատուկ նշել է գեներալ Մանվել Գրիգորյանի անունը, ինչից հետո վերջինս զարմանալիորեն անհետացել է՝ «ո՞վ կարող էր գեներալի վրա այդ ազդեցությունն ունենալ, միայն Ռոբերտ Քոչարյանը»։

«Չեմ կարծում, որ առաջին նախագահը այնքան միամիտ է, որ պետք է հիմնվի մեկ անձի վրա, հետևաբար այդ անձը ունեցել է աջակիցներ և ովքեր են դրանք։ Կան հանգուցային, էական նշանակություն ունեցող շատ կետեր, որոնք իրականացնելու դեպքում ՀՔԾ-ն կարող է բացահայտումներ անել։ Այդ ինչպե՞ս է, որ այդքան մեծաթիվ քանակով մարդկանց ու ուժերի ներգրավման պարագայում հնարավորություն չի լինում բացահայտել հրամանների բովանդակությունը, շարժը։ Փոխվել են ՀՔԾ ղեկավարը, գլխավոր դատախազը, նախագահը, բայց Մարտի 1-ի հանցագործության կոծկումը շարունակվում է։ Դա այն շաղկապող օղակն է, որը ցավոք սրտի այսօր հանդիսանում է մեր զարգացման հիմնական մարտահրավերը ու քանի դեռ իր բուն բովանդակությամբ ու մեխանիզմներով այս հանցագործությունը ցույց չի տրվել, մնալու է զուտ վիրտուալ Մարտի 1՝ իր 10 զոհերով։ Քանի դեռ բովանդակային, մեխանիզմի տեսակետից սա չի բացահայտվել ու չի դատապարտվել, նման մեխանիզմը էլի է կրկնվելու ու մենք երբեք չենք ունենա ազատ, անկախ ընտրություններ ու իրավական պետություն ասվածը», – ասել է բանախոսը։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ ՀՔԾ-ն պարտավոր է հանրային, հրապարակային տեղեկատվություն տրամադրել Մարտի 1- ի հանցագործության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ, քանի որ այդ հանցագործությունները հանրային ու հրապարակային են կատարվել։