Այսօր ժամը 13:00-ին Մաշտոցի պողոտայից մեկնարկել է ՀԱԿ-ի կողմից հրավիրված մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող հերթական ակցիան։ Այսօրվա իրազեկումն առաջինն էր փետրվարի 12-ի դեպքերից հետո, երբ մի խումբ ՀՀԿ-ական երիտասարդներ խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների գործողությունները, սպառնացել են ծեծել նրանց։
Այսօրվա ակցիային ՀԱԿ ակտիվիստները հրավիրել էին այլ ուժերից ներկայացուցիչների ևս։ Միջոցառման ֆեյսբուքյան էջում կազմակերպիչները կոչ էին անում մարդկանց մասնակցել ակցիային` ի նշան համերաշխության և ի հակադրություն «ոստիկանության հաբռգած լկտիությանը»:
Բացի տարբեր նախաձեռնությունների ներակայացուցիչներից, ակցիային միացել էին նաև մեծ թվով լրագրողներ՝ պատրաստ նկարահանելու իրազեկման ակցիայի խոչընդոտման որևէ փորձ:
Նշենք, որ իրազեկման ընթացքում թռուցիկները քիչ էին, ակցիայի մասնակիցները տեղեկացրեցին, որ տպարանը մինչև ժամը 13։00-ն թռուցիկների անհրաժեշտ քանակ չի հասցրել տպել։ Փոխարենը ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ի հանրահավաքի, ոստիկանության գործողությունների մասին մարդկանց տեղեկացնում էին բարձրախոսով։
Երթը շարժվել է դեպի Մաշտոցի պուրակ: Պուրակում ելույթներ են ունեցել լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով պատմել է, որ իր դեմ սպառնալիքներ են հնչեցրել ՀԱԿ ակտիվիստների վրա հարձակված ՀՀԿ-ական երիտասարդների լուսանկարները հրապարակելուց հետո։
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նշել է, որ ասել «Սերժիկ պետական դավաճան»` յուրաքանչյուր մարդու իրավունք է, և ոչ ոք իրավունք չունի խանգարել նման կարծիք հայտնելուն։
Մաշտոցի պուրակում ակցիայի կազմակերպիչներից Արթուր Գրիգորյանը ԶԼՄ-ներին ուղղված կոչ է հնչեցրել: Նա խորհուրդ է տվել հրապարակել ՀԱԿ-ի թռուցիկի բովանդակությունը, քանի որ այդպիսով ավելի շատ մարդիկ կտեղեկանան մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին, և «սաքուլիկներն» ու «հայկուլիկները» (նկատի ունի ակցիաները խոչընդոտող ՀՀԿ-ական երիտասարդներին – խմբ.) հնարավորություն չեն ունենա հարձակումներ գործել ակտիվիստների վրա: Գրիգորյանը նշել է նաև, որ այդ ՀՀԿ-ականներին իշխանություններն են «քսի տալիս» ակտիվիստների վրա՝ իրենց արբիտրի տեղ դնելով: