Բռնության ենթարկվող կանանց պարի միջոցով սատարելու ակցիան, որը փետրվարի 14-ին իրականացվում է ամբողջ աշխարհում, անցկացվել է նաև Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։ Մի շարք նախաձեռնությունների անդամներ, ֆլեշմոբ կազմակերպելով, իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում բռնության ենթարկվող 1 միլիարդ կանանց։
«Մեր մարմինը երջանիկ կյանքի համար է։ Միացեք ու ոչ ասեք բռնությանը» կարգախոսով անցկացվող ակցիայի շրջանակներում մասնակիցները պարել են, շփվել անցորդների հետ, որոնց պատմել են միջոցառման նշանակության ու կարևորության մասին։
Ակցիայի մասնակիցները նաև թռուցիկներ են բաժանել, որտեղ նշված է, որ, ըստ ՄԱԿ-ի վիճակագրության, աշխարհում յուրաքանչյուր 3 կնոջից 1-ն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության։
«Աշխարհի տարբեր երկրներում այս օրը կանայք ոտքի են կանգնում և պարում են։ BILLION RISING-ը համաշխարհային շարժում է՝ ուղղված կանանց նկատմամբ բռնության դադարեցմանը և կանանց ձայնի բարձրացմանը»,- Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Աննա Նիկողոսյանը։