Ադրբեջանի Մշակույթի ու տուրիզմի նախարարությունը պատրաստվում է բողոք ներկայացնել ամերիկյան Tripadvisor.com տուրիստական կայքին այն կապակցությամբ, որ վերջինս տեղեկատվություն է տրամադրում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին։ Միևնույն ժամանակ, երկիրը կայքում ներկայացված է Ադրբեջանի կազմի մեջ՝ ինչպես Խորհրդային Միության ժամանակներում։
Գոհ լինելով այն փաստից, որ ԼՂՀ-ն ամերիկյան կայքում ներկայացված է որպես Ադրբեջանի մաս՝ ադրբեջանցի պաշտոնյաները, այնուամենայնիվ, իրենց դժգոհությունն են արտահայտել Ղարաբաղը որպես հանրապետություն ներկայացնելու վերաբերյալ։
APA գործակալության հետ զրույցում իրավիճակը մեկնաբանել է Մշակույթի ու տուրիզմի նախարարության քարոզչության բաժնի ղեկավար Վյուգար Շիհամեդովը․ «Ողջունելի է, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է Ադրբեջանի կազմի մեջ։ Կայքի սխալը միայն նրանում է, որ այդ տարածքը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Մենք մեր հաղորդագրության մեջ կնշենք, որ դա հանրապետություն չէ, ու նրանք սխալը կուղղեն»։
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ կայքում ներկայացված հյուրանոցները պետք է Ադրբեջանի Մշակույթի ու տուրիզմի նախարարության կողմից լիցենզիա ստանան՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն․ «Մենք կայքին կխնդրենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հյուրանոցների անվանումները չնշվեն, քանի որ ներկայումս դրանք գործում են առանց լիցենզիայի»։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը, իր հերթին, հայտնել է, որ այդ հարցը քննվում է․ «Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություններն արդեն անհրաժեշտ ցուցումներ ստացել են»։