Home / Հայաստան / Բողոքի ակցիայից հետո Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների ազատել են աշխատանքից

Բողոքի ակցիայից հետո Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների ազատել են աշխատանքից

Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, տեղեկացնում է կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը։ Նշենք, որ երեքշաբթի Մետորոպոլիտենի աշխատակիցները աշխատավարձից արված պարտադիր վճարները պահելու դեմ բողոքի ակցիա էին նախաձեռնել։

«Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում:

Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար», – հայտարարում են նախաձեռնության ներկայացուցիչները:

Նրանք նաև դիմում եմ գործատուներին՝ խնդրելով աշխատանքից ազատված մարդկանց աշխատանքով ապահովել։