հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստան կարող է արգելվել 3 տարով

Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստան կարող է արգելվել 3 տարով

Ռուսաստանի տարածքում բնակվող Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացիներ գտնվում են ռիսկային խմբի մեջ․ համաձայն նոր միգրացիոն կանոնների՝ նրանց մուտքը ՌԴ կարող է արգելվել 3 տարով։ Այս մասին, ինչպես փոխանցում է Regnum գործակալությունը, փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Սվետլանա Ստեպանովան։

Նշված խումբը խախտել է ՌԴ միգրացիոն օրենսդրությունը՝ չի երկարաձգել կացության ժամկետները, չի ստացել աշխատանքի թույլտվություն, ինչը, Ստեպանովայի խոսքով, նշանակում է, որ նրանց մուտքը ՌԴ կարգելվի 3 տարով։ «Այս քաղաքացիներին որևէ մեկը չի հետապնդում, բայց նրանց կարգելվի մուտք գործել Ռուսաստան։ Սա արտաքսում չէ, այլ առանձին ընթացակարգ, ու այդ մասին որոշումն ընդունվում է դատական կարգով կամ միգրացիոն ծառայության տեղական կառույցի պետի կողմից»,- պարզաբանել է Ստեպանովան։

Դեսպանության աշխատակիցը ներկայացրել է վիճակագրություն, համաձայն որի՝ 2013 թվականին ՌԴ մուտքն արգելվել է Հայաստանի 24 հազար քաղաքացիների համար, այսպիսով, հաշվի առնելով 2012 թվականի ցուցիչը, նման մարդկանց թիվը կազմում է 31,5 հազար։

Վիճակագրության տվյալներով՝ 2013 թվականին Ռուսաստան է մեկնել Հայաստանի 670 հազար քաղաքացի, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցիչը (540 հազար)։ 2013 թվականին նրանցից 130 հազարն օրինականացրել է իր կացությունը Ռուսաստանում՝ աշխատանքի թույլտվության կամ պատենտ ձեռք բերելով։ Այն մարդիկ, ովքեր 90 օրվա ընթացքում չեն օրինականացնի իրենց կացությունը, ստիպված կլինեն լքել երկիրը ու կկարողանան վերադառնալ միայն երեք ամիս անց։ Այս կարգը չի վերաբերում ուսանողներին ու այն քաղաքացիներին, ովքեր բուժում են ստանում Ռուսաստանում։ Ուսանողները նաև կարող են աշխատել առանց աշխատանքի պաշտոնական թույլտվության։

Լուսանկարը՝ rapsinews.com