«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը պնդում է, որ ՀՀ դատախազությունը խախտում է օրենքը՝ չտրամադրելով ՌԴ գլխավոր դատախազին ուղղված՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու խնդրանքով նամակը։
Երեկ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե «ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»։ Նշենք, որ 2 օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՌԴ դատախազության նամակն էր հրապարակել, որում նշված էր, թե իրենք սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ գրություն չեն ստացել։
Անրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ընդգծում է․
«Մեղմ ասած, տարօրինակ է այն հանգամանքը, որ 21-րդ դարում, փետրվարի 3-ին ուղարկված նամակը շաբաթներ անց դեռ չի հասել ՌԴ դատախազություն: Անգամ Երևանից ձիով Մոսկվա ուղևորված սուրհանդակը արդեն տեղ հասած կլիներ:
ՀՀ Դատախազությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և չի տրամադրել նամակի պատճենը ոչ «Իրազեկ Քաղաքացիների Միավորմանը», ոչ էլ նույն պահանջով դիմած բազում լրատվամիջոցներին:
Ուստի, քանի դեռ ՀՀ դատախազությունը, խախտելով օրենքը, չի տրամադրում ոչ նամակի պատճենը, ոչ էլ դրա ուղարկված լինելու մասին որևէ ապացույց, Հայաստանի հանրությունը իրավունք ունի պնդելու, որ այդպես դատախազությունը ինչ-որ բան է կոծկում… Հակառակ պարագայում որևէ իմաստից զուրկ կլիներ օրենք ոտնահարելով գաղտնի պահել նամակի բովանդակությունը»:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ դատախազությանը տրամադրել նամակի պատճենը։