Home / Հայաստան / Դատարանը պետք է քննի Գյումրիի սպանության հետ կապված Կոստանյանի անգործությունը. պատգամավոր

Դատարանը պետք է քննի Գյումրիի սպանության հետ կապված Կոստանյանի անգործությունը. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը:

Փոստանջյանն իր դիմումում հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գյումրիիում Ավետսիյանների ընտանիքի սպանության հետ կապված մի քանի դրվագով:

Պատգամավորն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Չնայած դրան, Փոստանջյանը Կոստանյանից մինչ օրս պատասխան չի ստացել, քրեական գործ չի հարուցվել, ինչն էլ դատարան դիմելու առիթ է հանդիսացել:

Հիշեցնենք, որ պատգամավորը պահանջում էր քրեական գործ հարուցել հետևյալ հոդվածներով.

1. Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ,

2. Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ: