«Նովայա գազետա» պարբերականի թղթակից Յուլիա Լատինինան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում կրկին անդրադարձել է Գյումրիի ողբերգությանն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակին․ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին․
֊ Ցանկանում եմ կրկին անդրադառնալ Հայաստանում մի ընտանիքի սպանդի ենթարկած շարքային զինվոր Վալերի Պերմյակովի թեմային։ [Հայաստանում] զոհերի թիվն արդեն ոչ թե վեցն է, այլ՝ յոթը։ Մահացել է նաև վեցամսական երեխան։ Եվ այս շաբաթ այնտեղ տեսանք մի ֆանտաստիկ երևույթ։ Տեսանք Պուտինին, ով զանգահարեց Հայաստանի նախագահին։ Տեսանք [ՌԴ քննչական կոմիտեի պետ Ալեքսանդր] Բաստիրկինին․․․Պետդումայից պատգամավորների ինչ֊որ խումբ գնաց Հայաստան՝ ներողություն խնդրելու այդ սարսափելի հանցագործության համար։ Չեմ տեսնում, սակայն, նշանակություն ունեցող միակ քայլը՝ շարքային Պերմյակովին դատելու նպատակով Հայաստանին հանձնելը։ Մեզ մոտ [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար] Դմիտրի Պեսկովն ասաց, որ [Պերմյակովը] Ռուսաստանի քաղաքացի է, ուստի նրան դատելու են ՌԴ օրենքներով։ Ցանկանում եմ Դմիտրի Պեսկովին ու մնացած բոլորին հիշեցնել, որ զինվորները դիվանագետներ չեն, նրանք չունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, և որ նման իրավիճակներ մշտապես ստեղծվում են տարբեր պետություններում, ոչ միայն՝ Ռուսաստանում։
Օրինակ, ամերիկացիների մոտ [19]95 թվականին․ երեք զինծառայողներ բռնաբարեցին 12֊ամյա աղջկա։ Կապկպեցին, ծեծեցին, բերանը փակեցին կպչուն ժապավենով ու հերթով բռնաբարեցին։ Նրանց հետ ի՞նչ արեցին։ Պատասխան՝ նրանց հանձնեցին Ճապոնիայի իշխանություններին։ Զինվորները ճապոնական դատարանի կողմից դատապարտվեցին 6,5 ու 7 տարվա ազատազրկման։ Ի դեպ, եթե նրանք դատվեին ամերիկացիների կողմից, ապա շատ ավելի խիստ պատիժ կստանային։
[19]92 թիվ։ Հարավային Կորեա։ Զինվորը հրեշավոր կերպով բռնաբարեց ու սպանեց բարմենուհու։ Իսկապես սարսափելի դեպք․ հեշտոցը կոկա֊կոլայի շիշ էր մտցրել, հետույքը՝ 27 սանտիմետրանոց անձրևանոց։ Հարավկորեական դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման, ու նա պատիժը կրեց կորեական բանտում։
Բոլորովին վերջերս ինչ֊որ անգլիացի զինծառայող, անգամ շարքային չէր, այլ՝ ենթասպա ու պարաշյուտիստ, Ավստրիայում զորավարժությունների է մասնակցում։ Այնտեղ հարբում է, ներխուժում գյուղի մի տուն ու փորձում բռնաբարել 6֊ամյա աղջնակի։ Նրան բռնել են հանցանքի վայրում։ Նրան ո՞վ է դատելու։ Բրիտանացիները չգիտես՝ ինչու չեն ասում, որ նա Բրիտանիայի քաղաքացի է, ու նրան դատելու է բրիտանական դատարանը։ Թող ավստրիականը դատի, ո՞ւմ է այդ տականքը պետք։
Ընդ որում նկատեմ, որ այս բոլոր դեպքերում ստանդարտ իրավիճակ է, քանի որ զինվորները երիտասարդ տղամարդիկ են, հաճախ՝ ցածր IQ ունեցող, սոցիալական պատասխանատվության ցածր զգացողությամբ։ Ժամանակ առ ժամանակ նրանք հանցանքներ են գործում։ Եթե նրանք բնակվում են օտար երկրում, ապա միշտ հանցանք են գործում տեղի բնակիչների դեմ։ Այդ բնակչության հետ նորմալ հարաբերություններ պահպանելու համար՝ այդ զինվորներին պետք է արտահանձնել։ Օրինակ, գերտերություն Ամերիկայում հանձնում են։ Դե մենք տեսնում ենք, որ ԱՄՆ֊ը գերտերության իր կարգավիճակն այլ միջոցներով է պահպանում։ Սակայն, ըստ երևույթին, քանի որ գերտերության կարգավիճակը մեզ մոտ ինչ֊որ հոգեբանական զգացողություն է, ու մենք այն պահպանում ենք մեզնից կախվածություն ունեցող հարևանի՝ Հայաստանի վրա ոտքերը մաքրելու միջոցով, ապա այո, մենք ԱՄՆ չենք, մենք մեզ այլ կերպ ենք պահում։ Բայց գուցե հենց դա է պատճառը, որ մեզնից կախվածություն ունենալ ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէ։