Home / Հայաստան / Ռուսաստանը կարիք չունի ճնշելու առանց այդ էլ հանդուրժող Հայաստանին․ ռուսաստանցի փորձագետ

Ռուսաստանը կարիք չունի ճնշելու առանց այդ էլ հանդուրժող Հայաստանին․ ռուսաստանցի փորձագետ

«Եժեդնեվնիյ ժուրնալ» (ej.ru) կայքի խմբագիր, ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը պատասխանել է Epress.am֊ի հարցերին․

֊ Երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությունից Հայաստանն ի՞նչ իրական շահ ունի։ ինչո՞ւ է այն պետք Ռուսաստանին։

֊ Գյումրիի ռազմաբազան Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բազան է, իսկ տարածաշրջանը ծայրահեղ անկայուն է։ Ու դա կայսերական երևույթ չէ, այլ իսկապես երկրի անվտանգության նկատմամբ անհանգստություն, քանի որ գիտենք, թե Հարավային Կովկասում պատերազմի դեպքում որքան մեծ թվով փախստականներ կարող են հայտնվել Ռուսաստանի տարածքում։ Ուստի, հակամարտությունը կանխելն ու դրան վաղ փուլում միջամտելը Ռուսաստանի շահերից է բխում։ Գյումրիի ռազմաբազան ծառայում է հենց այդ նպատակին․ այն թույլ կտա, որպեսզի ճգնաժամի դեպքում ռուսական զորքերն արագ տեղակայվեն տարածաշրջանում։ 

Էլ ավելի մեծ նշանակություն այդ բազան ունի Հայաստանի համար։ Ըստ 2010 թվականի համաձայնագրի, իսկ ես այդ համաձայնագիրը համարում եմ հայաստանյան դիվանագիտության փայլուն հաղթանակ, Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը ոչ միայն հայ֊թուրքական հատվածում, այլև՝ ամբողջ պարագծով։ Դա չափազանց կարևոր փաստ է, որը Հայաստանին անվտանգության որոշ երաշխիք է տալիս։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանը հանդես գա Հայաստանի կողմից, բայց դա գոնե նշանակում է, որ նման պատերազմը լուրջ հարված կլիներ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիվանագիտությանը։ Ու դա նշանակում է, որ Ռուսաստանը կօգտագործի իր դիվանագիտական, տնտեսական ու մյուս բոլոր ռեսուրսները՝ այդ պատերազմը կանխելու համար։ Որքան հասկանում եմ, դա սկզբունքորեն կարևոր է Հայաստանի համար։ 

֊ Այդ դեպքում, ինչպե՞ս կբացատրեք Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինամթերք վաճառելը։

֊ Այո, այո։ Ռուսաստանը, իր կարծիքով, Կովկասում շատ նուրբ ու ճարպիկ խաղ է խաղում։ Բայց միևնույն է, Հայաստանը, թեև ձևականորեն, բայց դաշնակից է։ Հայաստանը շատ դաշնակիցներ չունի։ Հասկանում ենք, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները՝ նույն Բելառուսն ու Տաջիկստանը, հակամարտության դեպքում դժվաևր իրենց զորքերն ուղարկեն։ 

֊ Եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները հարևանների հետ, բացի Թուրքիայի հետ սահմանը, ձեռնամուխ լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (ուղիղ երկխոսություն Ադրբեջանի հետ, փոխադարձ զիջումներ, անվտանգության երաշխիքներ), բազայի կարիքը դեռ կլինի՞։

֊ Իհարկե, կարիքը կլինի շատ ավելի փոքր։ Բայց այս դեպքում խոսում ենք զուտ ենթադրական հնարավորության մասին։ Առայժմ հիմք չկա կարծելու, որ կան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ուղիներ։ Բոլորովին վերջերս դիվանագիտական շրջանակներում լուրեր էին պտտվում այն մասին, թե Ռուսաստանն ինչ֊որ առաջարկություն է պատրաստում, բայց այդ բոլոր խոսակցությունները լռեցին։ 

֊ Ռուսական բազան Հայաստանում գտնվում է Երևանի ցանկությամբ (այդպես էին ասել ու ասում են Հայաստանի նախագահները)։ Ռուսական զորքերը երկրից դուրս բերելու մասին ղեկավարության պահանջը դրանց հեռացման համար բավարար կլինի՞։ 

֊ Դա շատ վացոտ հարց է։ Քանի որ Ռուսաստանը նման երևույթներին նայում է իր աշխարհաքաղաքական դիրքի պրիզմայից, ինչպես իրենք են ասում՝ «դիմակայություն անիծված Արևմուտքին»։ Իհարկե, նման հայտարարությունը Ռուսաստանի համար չափազանք ցավոտ կլիներ ու կհանգեցներ լարվածության հայ֊ռուսական հարաբերություններում։ Ինչպես հասկանում եմ, ոչինչ չի խոսում այն մասին, որ իշխանությունները կարող են նման առաջարկ անել։ 

֊ Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում իշխանության գա ոչ ռուսամետ ղեկավարություն։

֊ Ինձ մոտ հարց է ձագում՝ իսկ նման մարդիկ կա՞ն։

֊ Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ․․․

֊ Դա արդեն անցել ենք Վրաստանում։ Քաղաքական գործիչը, լինի ռուսամետ կամ հակառուս, պետք է ռացիոնալ լինի։ Ինչ֊որ պահի վրաստանցի առաջնորդները եկան եզրակացության (դա նրանց որոշումն էր, մենք միայն կարող ենք քննարկել՝ ճիշտ, թե սխալ), որ Հարավային Օսիայում ռուսական բազայի ներկայությունը չի նպաստում Վրաստանի վերաինտեգրմանը՝ կարևորագույն նպատակ, որ իր առջև դրել էր Վրաստանը։ Ու որոշեցին Ռուսաստանին դուրս մղել Վրաստանից։ Հայաստանի ցանկացած առաջնորդ պետք է ինքն իրեն հարց տա՝ ի՞նչը կարող է անվտանգության առավել մեծ երաշխիք տալ, քան երկրում ռուսական բազայի ներկայությունը։ Կարծում եմ, այդ հարցին պատասխան գտնելը բավականին բարդ կլինի։ Քանի որ, անկախ նրանից, թե որքան լավ են հարաբերություններն Արևմուտքի հետ, դժվար կարող ենք պատկերացնել, թե որևէ արևմտյան երկրի կերաշխավորի Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Պատասխանելով Ձեր հարցին՝ եթե իշխանության եկած որևէ մեկը պահանջի դուրս բերել ռուսական բազան, դա կլինի բարդագույն գործընթաց՝ ինչպիսին տեսանք Վրաստանում։

֊ Մոսկվան Երևանի վրա ճնշման ի՞նչ լծակներ ունի։

֊ Կարծում եմ, ճնշում գործադրելու անհրաժեշտություն չկա։ Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունն առավելագույնս հանդուրժող է Ռուսաստանի հանդեպ։ Իսկ ընդհանրապես, լծակները բազմաթիվ են՝ հայերն աշխատում են Ռուսաստանում, տնտեսական կապեր, ռազմա֊տեխնիկական կապեր, և այլն։

֊ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին չեն հանձնում Հայաստանի իրավապահ մարմիններին։

֊ Ռուսաստանը Գյումրիի ողբերգությունից հետո շփոթության մեջ է հայտնվել։ Սկզբնական շրջանում չգիտեր՝ ինչպես արձագանքել։ Ինչպես հաճախ պատահում է ռուսաստանցի պաշտոնյաների, ԶԼՄ֊ների ու ռազմական գերատեսչության հետ՝ ավելի լավ է լռենք, ոչինչ չանենք, միգուցե ինքն իրեն ինչ֊որ կերպ հարթվի։ Այս իրավիճակում ռուսաստանցի պաշտոնյաների տրամաբանությունը հանգեցրել է նրան, որ ավելի լավ է այդ զինվորին թաքցնել զինվորական կալանատանը։ Կասկած չկա, որ նրան շատ դաժան ճակատագիր է սպասվում։ Որևէ մեկը նրան փրկելու նպատակ չունի։ Այստեղ խոսքը վերաբերում է տեղի ունեցած տհաճ դեպքը կոծկելուն։ Հեռուստատեսությունը մի ամբողջ շաբաթ լռում էր։ Լուռ էր երկրի ղեկավարությունը։ Կարծում եմ, կոծկելու ցանկությունից առաջացավ իրավասության հարցը։ Պաշտոնյաների՝ հետույքին հարված ստանալուն պես մշակվեց բանաձև, որ զինվորին կդատի ռուսական ռազմական դատարանը, բայց՝ Հայաստանի տարածքում։ Ակնհայտ է, որ այդ տղան պատասխանատվությունից չի խուսափելու։

֊ Եթե նրա մեղքն ապացուցվի․․․

֊ Փորձս թույլ է տալիս ասել, որ, ցավոք, նման վարքագիծը, որը թվում է բոլորովին խելագար ու անբացատրելի, հաճախ բնորոշ է ժամկետային զինծառայողներին։ Տարբեր լուրեր են պտտվում այն մասին, թե ինչ է տեղի ունենում ռուսական բազայի ցանկապատից այն կողմ։