Եթե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ գործի վերաբերյալ դատական ակտը պետք է կայացնի ՀՀ դատարանը։ Այս հարցը Epress.am-ի հետ զրույցում բարձրացրել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ այլ դեպքում կգրանցվի ՀՀ Սահմանադրության խախտում։
Փաստաբանը մեջբերել է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը, որում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից»։
Սահմանադրության 92֊րդ հոդվածը սահմանում է, թե ինչ դատարաններ են գործում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում նշված է, որ արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է։
«Ավելին՝ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին և 3-րդ հոդվածներում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ վերջնական ակտը կայացնում է Հայաստանի Հանրապետության դատարանը։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով: Չմոռանանք, որ դատական օրենսգրքի 19 հոդվածի համաձայն` ՀՀ-ում դատավարությունը տարվում է հայերեն: Փաստորեն, Գյումրիի սպանության դեպքի առնչությամբ էլ Սահմանադրությունը և նյութական ու դատավարական օրենսգրքերը պարտադրում են, որ ՀՀ տարածքում տեղի ունեցող դատավարությունը պետք է իրականացվի միայն ՀՀ դատարանի կողմից», – ասել է Հարություն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այն հավաստիացումները, թե ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարների ստորագրած հուշագիրը պետք է դիտել որպես միջազգային պայմանագիր, քանի որ դրանով են կարգավորվելու քննության հետ կապված հարցերը, քննություն չի բռնում, քանի որ այդ հուշագիրը նախ չի հրապարակվել, ապա` նաև Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով չի կարող դիտվել որպես միջազգային պայմանագիր։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն, ռուսական ռազմաբազայի անդամների կողմից բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները քննում են Հայաստանի իրավապահ մարմինները, իսկ 5-րդ կետի համաձայն, ՌԴ մարմինները քննում են ռուսական ռազմական օբյեկտներում կատարված արարքները։
«Սակայն այդ համաձայնագրի 5-րդ հոդվածն էլ է խնդրահարույց, և դրանով պետք է զբաղվի Սահմանադրական դատարանը՝ կրկին քննելով այդ պայմանագրի սահմանադրականության հարցը։ Ռազմաբազայի տարածքը ՌԴ֊ի կողմից վարձակալված է, և դա չի նշանակում, որ այդ տարածքը դուրս է մնում Հայաստանի Հանրապետության տարածքից։ Դա է փաստում ՀՀ Սահմանադրության 31 հոդվածը, որտեղ նշված է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրացիները: Փաստորեն, նաև 5-րդ կետով սահմանված հանցագործությունները պետք է քննվեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և ՀՀ դատարանի կողմից», ֊ նշել է Բաղդասարյանը։
Գյումրիի դեպքերի առնչությամբ Բաղդասարյանը կարևոր է համարել ընդգծել ԱԱԾ-ի դերը կամ՝ դրա բացակայությունը։ Խոսքը Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (հայ-թուրքական) հատելու փորձի մասին է, որը պետք է Ազգային անվտանգության մարմինների քննության առարկա դառնար։
«Եթե մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, գնայինք սահման, մեզ տեսնեին, ասեին՝ «Կրակելու ենք», պառկացնեին գետնին, հետո պիտի՞ տանեին ռուսական ռազմաբազա։ Սահմանապահները պարտավոր են խախտում կատարելու փորձի մեջ կասկածյալին հանձնել ՀՀ ԱԱԾ-ին։ Կամ ի՞նչ իմացան, որ այդ մարդը հենց Պերմյակովն է, վերջինիս մոտ, ըստ էության, փաստաթղթեր չկային։ Կարող է արգենտինացի էր», ֊ ասել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով ՝ ՀՀ տարածքում գոյություն ունի տարածքային ենթակայություն ու ընդդատություն, և դա պայմանավորված չէ անձի բնակության վայրով կամ քաղաքացիությամբ: Փաստաբանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու հիմքով Ազգային անվտանգության ծառայության քննիչները քրեական գործ են հարուցել, քանի որ դատավարական օրենքով (190 հոդված) դա վերապահված է ԱԱԾ քննիչներին։
«Սա սկզբունքային հարց է։ Գուցե հարուցել են, բայց չեն հայտարարում այդ մասին։ Իսկ եթե չեն հարուցել, ուրեմն պետք է գործի քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ կետը՝ «Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված քաղաքական ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն»։ Փաստորեն, եթե ԱԱԾ-ն քրեական գործ չի հարուցել, նշանակում է Պերմյակովը քաղաքական ապաստարան է խնդրել», ֊ ասել է փաստաբանը։