հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանը Սարգսյանի օրոք նույնն է, ինչ Ուկրաինան՝ Յանուկովիչի․ Գյումրու սպանդի հետքերով

Հայաստանը Սարգսյանի օրոք նույնն է, ինչ Ուկրաինան՝ Յանուկովիչի․ Գյումրու սպանդի հետքերով

Թվում է՝ սովորական, նույնիսկ եթե շատ սարսափելի քրեական գործ է. սադիստ, որը խաղաղ ընտանիք է ոչնչացրել, գրում է Վիտալի Պորտնիկովը Grani.ru կայքում հրապարակված՝ «Հայաստանի ճամփորդությունը. ճանապարհ դեպի Մայդան» հոդվածում:

– Անգամ այն, որ մարդասպանը մեկ այլ երկրում գտնվող ռուսական զորամասի դասալիք է, իսկ սպանվածները՝ այդ երկրի քաղաքացիներ, չպետք է իրավիճակն այդքան դրամատիկ դարձներ, հանգեցներ զանգվածային բողոքի ցույցերի, ցուցարարների և իրավապահների բախումների, վիրավորների ու ձերբակալվածների:

Միայն թե ոչ հետխորհրդային տարածքում: Արդյո՞ք զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները ողբերգությունից հետո, կարծես, սառել են՝ հանցագործության հետաքննությանը սեփական մասնակցության որևէ լուրջ միջոցառումներ չձեռնարկելով: Արդյո՞ք զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացիները չեն վստահում սեփական իշխանություններին ու կասկածում են, թե վերջիններս գործը կոծկելու ցանկություն ունեն, եթե, իհարկե, այդպես ցանկանա Կրեմլը: Հիմնական կասկածը վերաբերում է իշխանության անկախության բացակայությանը, իրենց սեփական պետությանը: Ու այդ կասկածն ամեն անգամ դուրս է թափվում փողոցներ, երբ խոսքը վերաբերում է սկզբունքային հարցերին:

Ռուսաստանում շատերը մինչ օրս չեն կարողանում հասկանալ, որ ուկրաինական Մայդանը տեղի ունեցավ ոչ միայն Վիկտոր Յանուկովիչի՝ եվրաինտեգրումից անսպասելի կերպով հրաժարվելու և «Բերկուտ»-ի զինյալների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու պատճառով, այլև նրա, որ կային ակնհայտ կասկածներ՝ Ուկրաինայի նախագահը Վիլնյուսում համաձայնագիրը չստորագրելու որոշումն ընդունել էր Վլադիմիր Պուտինի հրամանով: Իրականում նույնիսկ կասկած էլ չէր, այլ՝ ըմբռնում: Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը՝ առանց սեփական կառավարության ու խորհրդարանի հետ համաձայնեցման, երկրի արտաքին քաղաքականության ընթացքը շրջեց 180 աստիճանով ու եվրոպական ինտեգրման համաձայնագիր ստորագրելու փոխարեն՝ երկիրը հասցրեց անիմաստ ու անողոք Եվրասիական միություն:

Ուկրաինացիները որևէ հիմքեր չունեին կարծելու, որ Յանուկովիչի որոշումը Պուտինի քմահաճույքով չէր ընդունվել: Իսկ Մայդանի ընթացքում նրանք միայն համոզվեցին դրանում. նրանց նախագահն ի վիճակի չէր անգամ ամենահասարակ որոշումներն ընդունել առանց Պուտինի հետ խորհրդակցելու, մշտապես շրջապատված էր ԱԴԾ և Ռուսաստանի նախագահի վարչակազմի աշխատակիցներով և, վերջիվերջո, փախավ Ռոստով: Բացի դա, պարզ դարձավ, որ Ուկրաինան Յանուկովիչի օրոք ստվարաթղթե պետություն էր՝ անկարող դիմակայել արտաքին վտանգներին:

Ասածս ինչ է՝ Հայաստանն Սարգսյանի օրոք հենց այդպիսի պետություն է: Այո, այն դեռևս կարող է հավասարություն պահպանել Ադրբեջանի հետ սահմանին, բայց միայն Ռուսաստանի աջակցությամբ: Իսկ այդ աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը թույլ չի տալիս հակամարտություների կարգավորման ուղիներ փնտրել ու իր տեղը գտնել տարածաշրջանում. իր իրական տեղը՝ առանց ռուսական ռազմաբազաների: Հայաստանում ոչ ոք չգիտի, թե երկրի հետ ինչ կլինի, եթե ռուսական պետությունը փլուզվի անլուծելի խնդիրների ծանրության տակ կամ, պարզապես, որոշի փոխել դաշնակիցներին Կովկասում: Հայաստանի իշխանությունների որևէ ներկայացուցիչ անգամ չի մտածում այդ հարցի պատասխանը գտնելու անհրաժեշտության մասին:

Եվ ահա, երբ գալիս է ճշմարտության պահը, Հայաստանի քաղաքացին բառացիորեն զգում է, որ իրեն ոչ ոք չի պաշտպանի, որ իր երկիրը ցուցանակ է, այլ ոչ՝ պետություն, որ իր նախագահը կուսակալ է, այլ ոչ՝ ազգային առաջնորդ: Նա դուրս է գալիս փողոց՝ ենթարկվելով նույնիսկ ոչ թե բողոքի զգացումին, այլ՝ ինքնապաշտպանության բնազդին: Այն միանում է և միանալու է ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է արժանապատվությանն ու նվաստացմանը, ու այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ՝ Կիևում կամ Երևանում ու Գյումրիում:

Լուսանկարը՝ unian.net