ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը։ Անցյալ տարվա դեկտեմբերին Փաշինյանի առաջարկած նախագծի տակ ընդամենը երեք պատգամավոր էր ստորագրել։
Այս անգամ նախագծի կետերին պատգամավորն ավելացրել է ևս մեկը: Հանձնաժողովի նիստում նա բացատրել է, որ վերջերս ՀՀԿ խորհրդի նիստին հնչեցրած Սերժ Սարգսյանի ելույթը բացահայտել է, որ վերջինս թույլ է տվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի խախտում՝ իր պաշտոնեական լիազորությունները ծառայեցրել է խմբային շահերին և ցուցաբերել է անգործություն։ Փաշինյանի խոսքով՝ ելույթից բխում է, որ Սարգսյանը, նախկինում տեղեկություններ ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում խախտումների մասին, չի քննել դրանք: Պատգամավորն ընդգծել է, որ Սարգսյանը թույլ է տվել նաև Սահմանադրության 14.1 հոդվածի պահանջների խախտում՝ ցուցաբերելով խտրական մոտեցում՝ հովանավորելով ԲՀԿ-ին, երբ վերջինիս գործունեությունը տեղավորվում էր ՀՀԿ տիրույթում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանի կարծիքն իմանալ այն մասին, թե արդյոք վերջինս անհրաժեշտություն չի տեսնում իմպիչմենտի նախագծի մեջ ներառել նաև Սարգսյանի կողմից Մադրիդյան սկզբունքների ստորագրումը, Հայաստանի՝ ԵՏՄ֊ին միանալը (գնահատել որպես պետական դավաճանություն) և, բացի 2008 թվականից, կեղծված համարել նաև 2013 թվականի նախագահական ընտրությունները:
Փաշինյանն ասել է, որ եթե Փոստանջյանը ձևակերպի իր նշած կետերը, դրանք անպայման կներառվեն իմպիչմենտի նախագծում:
Ելույթով հանդես եկած մի քանի պատգամավորներ քննադատել են որոշման նախագիծը: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ որպես իրավաբան կարծում է, թե Փաշինյանի որոշման նախագիծն իրավական առումով անգրագիտություն է, ուստի ինքը չի կարող կողմ քվեարկել դրան:
Պատասխանելով Ջհանգիրյանին՝ Փաշինյանն ասել է. «Ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքի իրականացումն ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է, և այդ երազանքի համար նոր գծագրեր կազմելու անհրաժեշտություն ունեք և արեցիք այսօր առաջին քայլը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»:
Փաշինյանի խոսքի ընթացքում Ջհանգիրյանը լքել է դահլիճը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը քննադատել է որոշման նախագծի վերնագիրը։
«Մեր Սահմանադրությունը նման բան չի նախատեսում: Կարող է լինել ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին նախագիծ: Ուստի այս վերնագրով քննարկումն արդեն պետք է չլիներ»,- ասել է պատգամավորը:
Պատասխանելով դիտարկմանը՝ Փաշինյանը պաշտպանել է իր նախագծի վերնագիրը՝ ասելով, որ ինքը Սերժ Սարգսյանին չի համարում նախագահ:
«Էս բոլորը, այդ թվում՝ Ջհանգիրյանը և իր կուսակիցները, սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել որպես հանրապետության նախագահ։ Ես ասել եմ ու էլի կրկնում եմ, որ Սերժ Սարգսյան անունով Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ ճանաչել և չեմ ճանաչելու։ Նույնիսկ նրան պաշտոնանկության ենթարկելու համար։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ չէ, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ է։ Եթե Ջհանգիրյանը և «մեծարգո Սերժ Սարգսյանին» նամակ գրող իր գործընկերները Սերժ Սարգսյանին ընդունում են որպես Հանրապետության նախագահ, դա իրենց խնդիրն է։ Թող գնան բաց նամակներ գրեն, փակ նամակներ գրեն, խորհրդապահական խողովակներով շփվեն, ջան ասեն, ջան լսեն…», ֊ ասել է Փաշինյանը։
Նշենք, որ որոշման նախագծին կողմ է քվեարկել միայն Զարուհի Փոստանջյանը, դեմ՝ 5 պատգամավոր, և այն, փաստորեն, չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստում։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ եթե որևէ պատգամավոր, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ, ինքը դրա տակ կստորագրի նույնիսկ առանց քննարկման: