հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայերն օգնում են Պերմյակովի «գժի թուղթը» պատրաստելու գործում

Հայերն օգնում են Պերմյակովի «գժի թուղթը» պատրաստելու գործում

Ռուսաստանի «Լայֆնյուզ» պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի սպանդի համար կասկածվող ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը Ռուսաստանում ծառայության ընթացքում, մինչև Գյումրի գալը, մեկ ամիս բուժվել է հոգեբուժարանում, հետո պարբերաբար ստուգում անցել հոգեկան առողջության համար, սակայն զորամասի ղեկավարությունը մոռացել է այդ մասին հայտնել` նրան ներառելով Գյումրիի ռազմակայան տեղափոխվողների ցանկ: Lragir.am կայքում թեմային անդրադարձել է մեկնաբան Հակոբ Բադալյանը։

– Տեղեկություն է հրապարակվել, թե քննիչները քրեական գործ են հարուցել զորամասի ղեկավարի, նաև Պերմյակովին զորակոչած զինկոմի նկատմամբ:

Ընդ որում, հոգեբուժարանի վերաբերյալ այդ տեղեկություններն արդեն շրջանառվում են նաև ռուսական առաջատար համապետական լրատվամիջոցներում:

Կատարվում է փաստացի այն, ինչի մասին կանխատեսում էին Հայաստանում ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր կարծիք էին հայտնել Գյումրիի սպանդից հետո, որ ռուսական կողմը կանի ամեն ինչ Պերմյակովին հոգեկան անհավասարակշռություն, անմեղսունակություն վերագրելու և կատարված սպանդը հենց այդ երևույթների վրա «դուրս գրելու» համար:

Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության սահմանապահներն ու իրավապահները, Հայաստանի օրենսդրությունը խախտելով, տեր կանգնեցին ռուս զինծառայողին, նրան մինչև վերջ «տեր» կանգնելու ռուսական կողմի հաստատակամությունը Հայաստանի քաղաքացիների համար դարձավ ակնհայտ:

Այնպես որ, այն, ինչ այսօր հրապարակվում է ռուսական մամուլում, անկասկած հանդիսանում է Հայաստանի օրենսդրության խախտմամբ Պերմյակովին ռուսական ռազմակայանում պատսպարելու որոշման շարունակությունը:

Պետք է նկատել նաև, որ Ռուսաստանը կարծես թե հակված էր այլ շարունակության և դրա համար գործի էր դրել թե ռուսական, թե Հայաստանի իր ագենտուրայի քարոզչական պոտենցիալը, բարձրացնելով Պերմյակովի այպես ասած «արևմտյան հետքի» թեման, հենվելով այն իրողության վրա, որ նրա հայրը Ռուսաստանում աղանդներից մեկի հոգևոր հովիվներից է: Այդ վարկածը շրջանառվեց անգամ Ռուսաստանի քարոզչական «ռեմբոյի»՝ Դմիտրի Կիսելյովի հաղորդման եթերում:

Բայց, ըստ երևույթին մոտ երեք շաբաթ տևած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի իրավապահները կտրեցին այդ վարկածը քիչ թե շատ հիմնավորող որևէ ապացույց մոգոնելու հույսը և այժմ գործի է դրվել «մտագարության», «հոգեկան հիվանդության» վարկածը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Պերմյակովի դատավարությունն ընթանալու է Հայաստանում ռուսական ռազմակայանի տարածքում, կայազորային դատարանում և իրականացվելու է ռուսական օրենսդրության համաձայն: Ռուսական օրենսդրությամբ գործընթացին կգումարվի նաև ռուսական «վարկածը» հոգեկանության մասին, և Պերմյակովը ռազմակայան-հոգեբուժարան տրանզիտով կհայտնվի տանը, կամ առնվազն հայրենիքում:

Բացառել պետք չէ, որ ժամանակի ընթացքում ինչ-որ բան կարող է փոխվել՝ ելնելով նպատակահարմարությունից: Հնարավոր է ամեն ինչ, քանի դեռ Հայաստանի իրավապահներն այդ գործում ունեն մեկ իրավասություն և պարտականություն՝ օգնել ռուս գործընկերներին Պերմյակովի «գժի թուղթը» պատրաստելու գործում և ձերբակալել ու պատժել Պերմյակովի պատասխանատվության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրությունից բխող որևէ հարցադրում բարձրացնող գյումրեցիներին:   

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ