Այսօր Գյումրիում Շիրակի մարզպետարանի շենքից բողոքի ավտոերթ է մեկնարկելու, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել 2 օր առաջ Գյումրիում ձերբակալված 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կազմակերպիչների կողմից բացված էջում նշվում է, որ երթը մեկնարկելու է 15։00-ին, մեքենաները մարզպետարանից շարժվելու են ոստիկանության, այնուհետև` դատախազության շենքի մոտ։
Սոցիալական ցանցում նախաձեռնության էջը բացած օգտատեր Կարեն Պետրոսյանը նշում է, որ երեկ նման ևս մեկ էջ է ստեղծվել, որը «կոտրել են ու ջնջել են»։
Նշենք, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին ձերբակալել են հունվարի 15-ին բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների բախումների հետևանքով խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Երիտասարդին ոստիկանություն են հրավիրել որպես վկա, ապա ձերբակալել են։
Հունվարի 15-ին Գյումրիից մի քանի լրատվական կայքերի կողմից հեռարձակված կադրերից երևում էր, թե ինչպես է երիտասարդը զրուցում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Ալեքսանյանը հանդիմանում էր պատգամավորին այն բանի համար, որ վերջինս ոստիկանության մեքենա էր նստել:
«Մի հատ հարց, ճի՞շտ եք գտել ոստիկանության մեքենայով հայտնվել Գյումրու փողոցներում։ Իմ հարցին դրական կամ բացասական պատասխանեք։ Ցանկացած լեննականցու մի հատ ասեիք՝ ինձի տարեք Լոնդոն, ձեզ կտաներ, բայց շան ավտո չնստեիք», – ասել էր Ալեքսանյանը։
Հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ: Հետագայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկային։ Որպես վկա Գյումրիում հարցաքննվում էին երթի մասնակիցներից շատերը։