Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ուկրաինական «Դեն» թերթի կայքում Գյումրիի դեպքերին վերաբերող հոդված է հեղինակել․
«Վերջին օրերին Հայաստանը ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ հունվարի 12-ին տեղի ունեցած հայ ընտանիքի սպանությունից հետո, որն իրականացրել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Ցնցումները, որ ապրեց հայ հասարակությունը, կարելի է համեմատել միայն 1988 թվականի երկրաշարժի հետ, որն ամբողջությամբ ավերեց այն ժամանակ Լենինական կոչվող բազմատանջ Գյումրի քաղաքը։ Գլխումս չի տեղավորվում, թե ինչպես կարող էր ինքնաձիգով զինված զինծառայողը առավոտյան ժամը հինգին ներխուժել Ավետիսյանների տուն, գնդակահարել տանտիրուհուն՝ 51-ամյա Հասմիկ Ավետիսյանին, այնուհետև՝ նրա ամուսնուն՝ Սերգեյ Ավետիսյանին, աղջկան՝ Աիդային, որդուն՝ Արմենին, հարսին՝ Արաքս Պողոսյանին, ովքեր այդ պահին քնած էին։ Իսկ երբ ինքնաձիգը չի կրակել, ռուսաստանցի զինծառայողը սվինով գազանաբար հարվածել է մանկական անկողնում քնած 2-ամյա Հասմիկին ու սարսափելի վիրավորումներ հասցրել վեցամսական Սերյոժային, որոնց հետևանքով փոքրիկը մի քանի օր անց մահացել է։
Հայ հասարակության ապրած ցնցումը շուտով վերածվեց վրդովմունքի ու զայրույթի, ապա՝ զանգվածային հավաքների Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի ու 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Վրդովված մարդիկ պահանջում էին Հայաստանի իրավապահներին հանձնել հանցագործին, որը ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանի մոտակայքում, վերադարձվել ռազմաբազայի տարածք, որտեղ էլ խոստովանել է կատարած հանցագործությունը։ Ի պատասխան միայն պաշտոնական հայտարարություններ էին հնչում, թե Պերմյակովին դատելու են ՌԴ օրենսդրությամբ, քանի որ Ռուսաստանի սահմանադրությունը, իբր, արգելում է Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներին արտահանձնելը` այնտեղ նրանց դատելու նպատակով։
Գյումրիի վրդովված բնակիչների, որոնք վախենում էին՝ հանցագործին կարող էին գաղտնի հեռացնել պահման վայրից, տարերային ելույթների լարվածությանը պատրաստ չէին ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում։ Մարդիկ չէին վստահում ոչ ռուսաստանյան իշխանության ներկայացուցիչներին, ոչ՝ հայաստանյան։ Նրանց վրդովեցնում էր, որ Հայաստանում ՌԴ դեսպանության, ինչպես նաև 102֊րդ ռազմաբազայի հրամանատարության կողմից հնչած ցավակցությունները, շատերի կարծիքով, ձևական բնույթ էին կրում։ Հայաստանի Գլխավոր դատախազությունն էլ իրեն արժանի մակարդակով չդրսևորեց, չնայած՝ հանցագործի արտահանձնումը պահանջելու հիմքեր ուներ: Այսպես, Գյումրիում ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է հայկական կողմին հանձնել ռուսաստանցի զինծառայողներին, եթե իրավախախտումն իրականացվել է ռազմաբազայի տարածքից դուրս։ Պաշտոնական Երևանը չարձագանքեց նաև երկրում սուգ հայտարարելու պահանջին։ Թվում էր՝ Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, վախենում էին իրենց գործողություններով կամ պահանջներով հյուսիսային դաշնակցին զայրացնելուց:
Հույզեր էր ավելացնում նաև այն, որ ոմանք փորձում էին հայ ընտանիքի սպանությունը որակել կենցաղային հանցագործություն (ըստ Պերմյակովի՝ ինքը պարզապես ցանկացել է ջուր խմել)։ Հայերի մեծամասնության համար ընտանիքը տաճար է, պետություն՝ պետության ներսում։ Ուստի, Պերմյակովի իրականացրած մի ամբողջ ընտանիքի արյունալի կոտորածը, այդ թվում՝ անմեղ երեխաների, շարքային հայի համար դարձավ ավելի քան սպանություն։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է խորը պատմական ավանդույթներ ունեցող փոքր ազգի։ Հասարակությունում դա, կարելի է ասել, ընդունվեց որպես մահափորձ ազգի դեմ։
Կար ևս մեկ կարևոր հանգամանք` Հայաստանին ու Ռուսաստանին միավորում են սերտ հարաբերություններ տնտեսական ու ռազմական ոլորտներում։ Ինչ վերաբերում է վերջինին, ապա պաշտոնական Երևանը դա բացատրում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եկող պոտենցիալ վտանգով` վերջինս փորձում է իր իրավասության տակ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Ռուսաստանը Հայաստանին նույնիսկ անվանում է իր գրեթե ամենահուսալի դաշնակիցը։ Այդ հռետորաբանության հետևում, սակայն, ավելի ու ավելի շատ է նկատվում Մոսկվայի ձգտումը Երևանին ամուր կապել իր գերտերության կառքին։ Իսկ դրա համար ընդունելի էին բոլոր մեթոդները` տնտեսական, քաղաքական ճնշում, ագրեսիվ հումանիտար քաղաքականություն, Ռուսաստանի արտաքին քաղաքական արկածները, մասնավորապես, ուկրաինական Ղրիմի բռնագրավումն աջակցելու պահանջ։
Գյումրիի արյունալի ողբերգությունը դարձավ այն կատալիզատորը, որը հայերի մոտ ակտիվացրեց հնամենի պատկերները, որոնք նրանք լուռ հանդուրժում էին՝ վախենալով բարկացնել «մեծ եղբորը»։ Հիշեցին հայ վարորդի դեմ ծաղրալի դատական գործընթացը, որին Մոսկվայի դատարանում ստորացուցիչ կերպով կնոջ խալաթ էին հագցրել։ «Գազպրոմ»-ի կողմից Իրան-Հայաստան գազատարի բռնազավթումը, որի արդյունքում Հայաստանը զրկվեց էժան իրանական գազից ու, ամենակարևորը, տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից: Ինչպես նաև դաշնակից ռուսների՝ Ադրբեջանին միլիոնավոր դոլարների զինամթերք վաճառելը, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Հիշեցին նաև, թե ինչպես Պուտինը, ծնկի իջեցնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանին ստիպեց հրաժարվել եվրաինտեգրումից ու միանալ Եվրասիական տնտեսական միությանը։ Ու, վերջապես, որ Գյումրիի 102֊րդ բազան արտասահմանում ՌԴ գրեթե միակ բազան է, որն էլեկտրաէներգիայով, գազով, ջրով, սնունդով ապահովվում է տեղի հարկատուների հաշվին։ Սա այն դեպքում, երբ Հայաստանը մինչ օրս չի կարողանում բնակարանով ապահովել 1988 թվականի երկրաշարժից տուժած հարյուրավոր ընտանիքներին, որոնք գոյատևում են փտած խարխուլ տներում։
Հաղթահարելով իրենց մեջ «փոքր եղբոր» բարդույթը՝ հայերը, չնայած արգելքին, դուրս եկան Գյումրիի փողոցներ։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև՝ քարերի ու հատուկ միջոցների կիրառմամբ, որոնց հետևանքով վիրավորվեցին տասնյակ մարդիկ։ Ցուցարարները, սակայն, պահանջեցին ոչ միայն արդար պատիժ հանցագործի համար, այլև հայտարարեցին Ռուսաստանի ու Հայաստանի միջև իրական հավասարության, իրենց պետության ինքնիշխանության հանդեպ հարգանքի պահանջի մասին։ Սոցցանցերում տարածվեց ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու կոչը։ Որոշ հասարակական ակտիվիստների շուրթերից հնչեցին այլ ակնհայտ հակառուսական հայտարարություններ, մասնավորապես, Հայաստանի ղեկավարությանը մեղադրեցին հայրենասիրության բացակայության, ազգային շահերը հանձնելու մեջ, եղան անգամ Ռուսաստանի դրոշն այրելու փորձեր:
Այսպիսով, առաջացավ տարերային բողոքները քաղաքականացնելու իրական սպառնալիք, որը լրջորեն մտահոգեց նախևառաջ Մոսկվային։ Ցավակցությամբ հանդես եկավ Պուտինը, Երևան շտապեցին բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաներ՝ վստահեցնելով, որ տեղի կունենա անաչառ հետաքննություն, ու հանցագործն արժանի պատիժ կկրի։ Ինչպես, սակայն, գրեց կառավարամետ հայ լրագրողներից մեկը, «Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների սարսափելի դանդաղկոտությունը, ինչպես նաև ողբերգության մասին ՌԴ ԶԼՄ֊ների լռությունն առաջին օրերին, թույլ տվեցին հակառուսական տրամադրությունների ակտիվացում, ինչը մինչ այդ չէր կարողանում անել Արևմուտքն իր «հիմնադրամներով ու նախագծերով»։
Ի դեպ, անկարգությունների ժամանակ որոշ կառավարամետ հայ վերլուծաբաններ համառորեն փորձում էին գտնել եթե ոչ «արևմտյան», ապա գոնե «ուկրաինական» հետք մարդկանց՝ փողոցներ դուրս գալու ցանկության մեջ։ Ընդ որում, ակտիվորեն օգտագործվում էին այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «մայդան», «գունավոր հեղափոխություններ», «ուկրաինացի պատվիրակներ»՝ որդեգրված Հայաստանում ամբողջ հզորությամբ գործող մոսկովյան զոմբիներից։ Մինչդեռ նման ողբերգություններից ծագող խնդիրները հիմնականում գալիս են Ռուսաստանի ու հետխորհրդային երկրների շրջանում իր դաշնակիցների միջև անհավասար հարաբերություններից, որոնց հին ավանդույթի համաձայն անվանում են «եղբայրական»: Գործընկերների նկատմամբ Ռուսաստանի ղեկավարության արհամարհանքը, կայսերական ամբարտավանությունը, լկտիությունն ու ցինիզմը շղթայաբար փոխանցվում է անգամ Պերմյակովի նմաններին։ Բավական է միայն պատկերացնել, թե այլ ազգերի հանդեպ անհանդուրժողականության ու արհամարհանքի ինչպիսի մթնոլորտ է տիրում ռուսական զորամասերում, այդ թվում՝ Գյումրիի 102֊րդ բազայում։ Բայց կարելի է ավելի քան վստահ լինել, որ հայ ընտանիքի աննախադեպ դաժանությամբ սպանությանը ռուս զինծառայողին հրահրած դրդապատճառների շարքում այդ հանգամանքը առկա չի լինելու։ Ինչը ցավալի է։
Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ ուկրաինացիներիս, որոնք Ղրիմի, հատկապես բռնազավթված Դոնբասի իրադարձությունների պատճառով հասկացան Ռուսաստանի հետ «բարեկամության» իրական գինը, ապա մեզ մնում է միայն մեր խորին ցավակցությունները հայտնել բարեկամ հայ ժողովրդին՝ Ավետիսյանների ընտանիքին բաժին ընկած այս արյունալի վշտի կապակցությամբ։ «Ցավդ տանեմ», ինչպես նման դեպքերում ասում են Հայաստանում…Ցավդ տանեմ, Հայաստան»։