Ադրբեջանն արտասահմանի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների վերահսկողության վերաբերյալ շատ ճիշտ որոշում է ընդունել։ Բաքվում փայլուն հասկանում են, թե այդ կազմակերպություններն ինչ նպատակներ կարող են ունենալ։ Վերահսկողությունն անհրաժեշտ է։ Բաքվում փետրվարի 16֊ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ, ՌԴ Հանրային պալատի անդամ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովը։
Vesti.az կայքի փոխանցմամբ՝ վերլուծաբանը նշել է, որ Ռուսաստանը շատ դրական է ընդունել ԵԽԽՎ֊ում Ադրբեջանի պատվիրակության՝ Ռուսաստանի պատվիրակությանն այդ կազմակերպությունում ձայնից զրկելու նախաձեռնությանը դեմ հանդես գալը։ «Ռուսաստանում դա գնահատել են»,֊ վստահեցրել է Մարկովը։
Այնուհետև Պուտինի վստահված անձը խոսել է Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դիրքորոշման մասին․ «Ռուս֊ադրբեջանական հարաբերությունները ներկայումս լավագույն ժամանակներն են ապրում։ Ինձ թվում է՝ կան բոլոր պայմանները Ղարաբաղյան հակամարտությունում ժամանակավոր պատմական փոխզիջման հասնելու համար։ Այժմ իրավիճակը սկզբունքորեն այլ է, ադրբեջանական բանակը հզոր է, երկիրն ուժեղ տնտեսություն ունի։ Հայաստանի հասարակությունը հոգնել է Ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված շրջափակումից։ Հայաստանը, ազատելով Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, դուրս է գալիս շրջափակումից և իջեցնում շփման գծին լարվածության մակարդակը։ Համոզված եմ, որ այդ թեմայով արդեն բանակցություններ են ընթանում։ Օբյեկտիվ պայմանները ստեղծվել են։ Ռուսաստանը պատմական փոխզիջման համար միջնորդ կլինի։ Այդ լուծումը հնարավոր կլինի նաև այն դեպքում, եթե Ադրբեջանն ու Հայաստանն ընդգրկվեն միևնույն ինտեգրացիոն միավորման մեջ։ Բայց դա չի նշանակում, որ եթե վաղն Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն, ապա Ռուսաստանը Հայաստանից կխլի Լեռնային Ղարաբաղն ու կհանձնի Ադրբեջանին։ Դա անհեթեթություն է, որը շրջանառվում է որոշ անհեռատես վերլուծաբանների կողմից։ Ռուսաստանը կդառնա միջնորդ մեծ պատմական փոխզիջման համար, որը հնարավոր չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, քանի որ այդ կազմակերպության գործունեության մեջ գերակշռում են ԱՄՆ շահերը»։
Ղարաբաղից անցնելով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանությանը՝ Մարկովը նշել է, որ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը հանդիսանում է աղանդի անդամ, որի կենտրոնը գտնվում է Ֆիլադելֆիայում։ «Նա հանկարծ ցանկացավ հայտնվել Հայաստանում ու կես տարի անց սպանում է հայ ընտանիքի ու փախչում Թուրքիա։ Թե ինչու է սպանել ընտանիքին, չի կարողանում բացատրել։ Կամ նա խենթ է, կամ ինչ֊որ մեկի պատվերն էր կատարում։ Երկու տարբերակներն էլ հնարավոր են, ու երկուսում էլ Ռուսաստանն անմեղ է։ Միևնույն հատուկ ծառայությունը կազմակերպել է և Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, և Երևանում ՌԴ դրոշները տրորելը»,֊ հայտարարել է ռուսաստանցի փորձագետը։